ԱՄՆ-ում բժիշկները մահացու հիվանդությունը շփոթել են հասարակ ալերգիայի հետ և վտանգի ենթարկել 9-ամյա երեխայի կյանքը
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում բժիշկները թունավոր շոկային հիվանդությունը շփոթել են ընկույզից ալերգիայի հետ և 9-ամյա Գաբրիելա Բոնդիի կյանքը վտանգել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ օգոստոսին աղջիկը բողոքել է չոր մաշկից և նրան տարել են հիվանդանոց: Բժիշկները կարծել են, որ Գաբրիելայի մոտ թեթև ալերգիա է, որն առաջացել է ընկույզից, սակայն մի քանի օր անց աղջկա մազերն սկսել են թափվել, իսկ մաշկը պատվել է կարմիր ցանով:
Գաբրիելայի մայրը` 35-ամյա Քրիստինա Բոնդի-Սերատոն, աղջկան տարել է հիվանդանոց, որտեղ ախտորոշել են կյանքի համար վտանգ ներկայացնող թունավոր շոկ: Հազվագյուտ այս հիվանդության ժամանակ մանրէները ներթափանցում են արյան մեջ, արտազատում են վտանգավոր թունանյութեր և վնասում են ներքին օրգանները:
Գաբրելան հակաբորբոքային հաբերով բուժման կուրս անցնելուց հետո լիարժեք ապաքինվել է: Նրա մայրը պատմել է աղջկա հիվանդության մասին, որպեսզի մյուսները տեղեկացված լինեն և այն բուժեն վաղ շրջանում:










