Թուրքիայի իշխանությունները տուգանել են Facebook-ին 1,6 միլիոն լիրայով
Թուրքիայի անձնական տվյալների պաշտպանության վարչությունը հայտարարել է, որ տուգանում է Facebook սոցիալական ցանցին 1,6 միլիոն լիրայով (շուրջ 282 հազար ԱՄՆ դոլար)՝ օգտատերերի անձնական տվյալների գաղտնիությունը չպահպանելու համար: Այս մասին տեղեկացնում է «Հյուրիյեթ» թերթը:
Թուրքիայում 280 959 օգտատեր տուժել է անձնական տեղեկատվության արտահոսքից:
Հետաքննությունը պարզել է, որ կայքի ղեկավարությունը չի կատարել վարչական և տեխնիկական պարտականությունները, որի համար նշանակվել է տուգանք 1 միլիոն 150 հազար լիրայի չափով: Բացի այդ, եթե տվյալներն ապօրինի կերպով են հայտնվել այլ անձանց մոտ, ապա կայքի ղեկավարությունը պարտավոր է հնարավորինս շուտ տեղյակ պահել այդ մասին օգտատիրոջը: Այս պարտականությունը չկատարելու համար էլ Facebook-ը տուգանվել է ևս 450.000 լիրայով:
Նշենք, որ դեռևս մայիսին Թուրքիայում նույն մեղադրանքով Facebook-ը տուգանվել էր 1,65 միլիոն լիրայով:










