Չինաստանը Երկրի դիտարկման նոր արբանյակ է արձակել

10:58 • 05.10.19

Շաբաթ` հոկտեմբերի 5-ին, Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգի Թայյուան տիեզերակայանից արձակվել է Երկիր մոլորակի միկրոալիքային հեռակառավարման զոնդավորման արբանյակ: Այս մասին տեղեկացնում է russian.news.cn-ը:

«Գաոֆեն 10» արբանյակն արձակվել է CZ-4C հրթիռակրի օգնությամբ և բարեհաջող դուրս է բերվել ծրագրված ուղեծիր: Սա «Չանչժեն» շարքի հրթիռակիրների օգնությամբ իրականացված 314-րդ թռիչքն էր:

«Գաոֆեն 10»-ը միկրոալիքային հեռակառավարման զոնդավորման արբանյակ է, որն ունակ է լուսանկարներ փոխանցել մեկ մետրից պակաս լուծաչափով:

Այս արբանյակն օգտագործվելու է պետության տարածքի համընդհանուր հետազոտությունների, քաղաքաշինության պլանավորման, ճանապարհային ցանցի նախագծման, հացահատիկի բերքատվության գնահատման, բնական աղետների կանխարգելման, արտակարգ իրավիճակների կառավարման և տարերային աղետների հետևանքների վերացման ոլորտում:

Արբանյակը մշակվել է Տիեզերական տեխնոլոգիաների Շանհայի ակադեմիայում:

Չինաստանը Երկրի դիտարկման նոր արբանյակ է արձակել