Մեկնարկել է Նոբելյան շաբաթը. հայտնի են բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում մրցանակակիրների անունները

13:41 • 07.10.19

Հոկտեմբերի 7-ին Ստոկհոլմում հայտնել են բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակակիր են դարձել Ուիլյամ Քելինը, Փիթեր Ռեթքլիֆը և Գրեգ Սեմենզան՝  թթվածնի անբավարարությանը բջիջների ադապտացման վերաբերյալ հետազոտության համար:

 

Հոկտեմբերի 8-ին հայտնի կդառնա ֆիզիկայի ոլորտի մրցանակակիրը, իսկ հոկտեմբերի 9-ին՝ քիմիայի ոլորտինը:

Հոկտեմբերի 10-ին, մեկ տարվա ընդմիջումից հետո, հայտնի կդառնան գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները:

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է հայտարարել խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը:

Հոկտեմբերի 14-ին կհայտարարեն Շվեդական ազգային բանկի՝ տնտեսական գիտությունների համար տրվող մրցանակի հաղթողի անունը:

Հիշեցնենք, որ Նոբելյան հանձնաժողովը հայտարարել էր, որ 2018թ. չի հանձնի գրականության ոլորտում նոբելյան մրցանակը՝ թեկնածուների ընտրության համար պատասխանատու Շվեդական ակադեմիայում սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի պատճառով:

75 տարվա ընթացքում առաջին անգամ ժյուրին չի հանձնել աշխարհի ամենահեղինակավոր գրական մրցանակը, բայց փոխարենը 2019թ. երկու հաղթողի անուն կհայտարարի:

Հայտնի է, որ սկանդալի կիզակետում էր հայտնվել ֆրանսիացի լուսանկարիչ Ժան-Կլոդ Առնոն, որը մեղադրվում էր 18 կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների և բռնության իրականացման համար: Առնոն ակադեմիայի անդամ Կատարինե Ֆրոստենսոնի ամուսինն է: Բացի այդ, Ժան-Կլոդ Առնոն մեղադրվել է նաև յոթ նոբելյան մրցանակակրի անունների արտահոսքի համար:

Նշվում է, որ լուսանկարչի գործողություններից տուժածներից 5-ը դիմել է ոստիկանություն: Ի նշան բողոքի՝ ակադեմիայից հեռացել է մի քանի անդամ և մշտական քարտուղար Սառա Դանիուսը: