Այն հատվածներում, որտեղ կար աշխատանք կատարելու և ջանք գործադրելու կարիք, Երևանի քաղաքային իշխանությունը ձախողել է, զուտ խոսքեր են. Դավիթ Խաժակյան
Որտեղ կար աշխատանք և ջանք գործադրելու կարիք, Երևանի քաղաքային իշխանությունը ձախողել է, և մենք այդ հատվածներում ունենք դեռևս միայն խոսքեր և խոստումներ, իսկ այնտեղ, որտեղ հնարավոր էր ինչ-որ բան չանել, և լավ լիներ, այդտեղ ինչ-որ չափով հաջողել են: Tert.am-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ ամփոփելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին:
Ավագանու անդամը թվարկեց այն քայլերը, որոնք պարզապես հնարավոր էր նաև չանել: «Այդ քայլերն են՝ օրինակ՝ այլևս որևէ մեկը չի դժգոհում, որ շինթույլտվությունները ստանալը դարձել է պրոբլեմատիկ և կոռուպցիոն գործարքներով հագեցած, մանկապարտեզների հերթերի համակարգը, որը հրապարակվել է, այլևս որևէ մեկը չի բողոքում, որ իր երեխան հերթից դուրս է մնում, որովհետև հերթը տարօրինակ կերպով է առաջ շարժվում: Կարող են արձանագրել, որ կանաչապատ տարածքները չեն սեփականաշնորհվում, և դրանց վրա կառուցապատումներ չեն լինում: Նախկին բացասական երևույթների մի մասը վերացվել է»,- նշեց նա:
Ըստ Խաժակյանի՝ շինթույլտվությունների հարցում ժամկետները, որոնցով տրվում են դրանք, էապես երկարել են: «Իրենք ասում են՝ այն ժամանակ կոռուպցիայով են շինթույլտվությունները տրվում, դուք էլ հիմա առանց կոռուպցիայի սահմանված ժամկետներում տվեք: Գրեթե բոլոր սահմանված ժամկետները խախտվում են»,- ասաց նա:
Խաժակյանն անդրադարձավ նաև այն հարցերին, որտեղ քաղաքային իշխանությունը թերացել է: «Եթե անցում կատարենք՝ ինչ չի արվել, և անդրադառնանք այն գործընթացներին, որտեղ քաղաքապետարանը ջանք գործադրեր, տեսնում ենք, որ համակարգային լուծում որևէ հարցի դեռևս տրված չէ: Իսկ այն հիմքերը, որոնք դրվում են, օրինակ, աղբահանության դեպքում, դեռևս բավարար չեն»,- հայտարարեց նա:
Դավիթ Խաժակյանն օրինակ բերեց, որ 2019 թ.-ի զարգացման ծրագրում գրված էր, որ պետք է ներգրավվի աղբահանության 2-րդ օպերատոր բաց, թափանցիկ մրցույթի միջոցով: «Դա պետք է տեղի ունենար 2019 թ.-ին, մինչդեռ դա չի իրականացվել և, կարծես թե, 2019 թ.-ի ավարտին իրականացված չի էլ լինելու:
Տրանսպորտի մասով արձանագրում ենք, որ արդեն քանի ամիս շարունակ նույն պատասխանն է տրվում, որ իրենք կառավարությանը ծրագիր են ներկայացրել և սպասում են ֆինանսավորմանը: Դրանից այն կողմ աշխատանք չի իրականացվել, ինչը ևս խնդրահարույց է: Անընդհատ նշվում է, որ 2-3 տարվա ընթացքում կանենք, այդ նույն բանը ասվում էր 8-9 ամիս առաջ, նույնը ասում են նաև հիմա: Շատ տարօրինակ կլինի, որ 1-2 տարի հետո մենք կրկին նույն բանն ասենք: Բայց աշխատանք չանելու պարագայում, կարծես, ամեն ինչ դրան է տանում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է վերելակներին, Դավիթ Խաժակյանը նշեց, որ այստեղ էլ որևէ հայեցակարգային բան չի նախատեսվում. «Նշում են՝ որքան վերելակ են գնել, որպեսզի տեղադրեն և պիլոտային կերպով հասկանան դրանց կառավարման հարցը, բայց եթե նախագիծ չկա, ինչպե՞ս պետք է դրանք կառավարվեն, ի՞նչ են հասկանալու դրանք տեղադրելով մի կողմից, և մյուս կողմից՝ գլխավոր հարցը ամբողջ քաղաքի մասշտաբով ներդրումային մոդելն է: Մի բան է համայնքային միջոցներից 20 վերելակ գնելը, այլ բան՝ 4800 վերելակի փոխարինման ծրագիր մշակելը, ասյտեղ բեռը հենց այս մասշտաբն է:
Կանաչապատումը, ամռանը տեսանելի դարձավ, որ ձախողված է, մենք կորցրել ենք նույնիսկ այն, ինչն ունեինք: Ջրամատակարարումը նորմալ չի իրականացվել, ծառերը նորմալ չեն ոռոգվել, և ամռանը տեսանք, որ հեկտարներով երբեմնի կանաչ տարածքներն այրվում էին: Այս մասով հայեցակարգային փոփոխությունների մեկնարկ նույնիսկ տրված չէ:
Դժվար է մտաբերել, թե քանի խաղահրապարակ բացեց Հայկ Մարությանը այս տարվա համար: Սա ևս իր խոստումներից էր»,- նկատեց նա:
Նրա ներկայացմամբ՝ երբ խոսվում է ուղիղ ժողովրդավարությունից, իրենք մեջբերում են կայքը, որը նախատեսել են, բայց դա ինքը չի համարում ուղիղ ժողովրդավարության գործիք: «Ուղիղ ժողովրդավարության դասական օրինակը տեղական հանրաքվեներն են, որոնցով Հայկ Մարությանը բացում էր իր նախընտրական հանդիպումները և ասում, որ մենք հանրաքվեների ենք դնելու այն հարցերը, որոնք վիճահարույց են: Բացի նրանից, որ հանրաքվեներ չենք տեսել, տեսնում ենք, որ Հայկ Մարությանը խուսանավում է և ասում, որ երբ ասում էր ուղիղ ժողովրդավարություն, նկատի ուներ այն կայքը, որը գործում է: Բայց դա ակնհայտորեն այն չէ, ինչ նա խոստացել էր»,- ասաց նա:
Ըստ Խաժակյանի՝ քաղաքապետարանի հաստիքացուցակները Հայկ Մարությանն ստացավ ուռճացված վիճակում և էլ ավելի ուռճացրեց՝ նախկին 1998 հաստիքը դարձնելով 2125: Նա նաև հիշեցրեց, որ նախատեսվում էր նաև աշխատավարձերի բարձրացում, բայց դա տեղի չունեցավ այդպես էլ:










