10-յակ հայ ընտանիքներ ինքնուրույն դուրս են եկել ռազմական գործողությունների տարածքում գտնվող Թել Աբյադից, հայերի անհապաղ տարհանման խնդիր դրված չէ․ Սիրիայում ՀՀ դեսպանություն

17:07 • 10.10.19

Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականցվող ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով:

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապ են պահպանում Սիրիայի Կամիշլիի քաղաքի և հյուսիսային այլ շրջանների համայնքային կառույցների հետ: Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը:

Դամասկոսի և Հալեպի հայ առաջնորդարանների հետ համատեղ մշակվում են հնարավոր քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և ըստ անհրաժեշտության առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ:

Անմիջականորեն ռազմական գործողությունների տարածքում գտնվող Տել Աբյադ քաղաքից տասնյակից ավելի հայ ընտանիքներ արդեն իսկ իքնուրույն լքել են իրենց բնակության վայրը և տեղափոխվել ավելի ապահով շրջաններ (Հալեպ և
Հասաքե):

Ներկա դրությամբ մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ:
Ըստ մեր տեղեկությունների Սիրիայի հյուսիային շրջաններում հայերի թիվը կազմում է շուրջ 3000 մարդ: