Սիրիայի Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է․ Զարեհ Սինանյանը հայտարարություն է տարածել
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարություն է տարածել Սիրիայի տարածքում տեղի ունեցող իրադարձություների վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ստորև․
«Հոկտեմբերի 9-ից Թուրքիայի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում ոչ միայն անօրինական են և դատապարտելի որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, այլև դրանք ուղղակի հարվածի տակ են դնում տվյալ տարածքների մի շարք բնակավայրերի հայ համայնքների անվտանգությունը: Ռմբակոծությունների և ցամաքային գործողությունների արդյունքում Սիրիայի հյուսիսարևելյան Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լծված է Սիրիայում բնակվող ազգությամբ հայերի և հայ համայնքների անվտանգությունը ապահովելու աշխատանքներին: Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է իր հայրենակիցների կողքին և կանի առավելագույնը նրանց անվտանգությունն ապահովելու համար»:










