Հայկ Մարությանի պաշտոնավարումից 1 տարի անց. երևանաբնակները դժգոհում են՝ վերելակներն անսարք են, պոլիկլինիկայի պայմանները՝ անտանելի, տրանսպորտի հարցը չի լուծվում (տեսանյութ)

20:33 • 10.10.19

Երևանաբնակները դժգոհում են քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունից: Նրանց խոսքով՝ նախընտրական խոստումներն այդպես էլ թղթի վրա մնացին:

Tert.am-ի հետ զրույցում Ավան վարչական շրջանի N12 պոլիկլինիկայի այցելուներն ասում են, շենքն այնքան վատն է, որ շուտով կքանդվի, սակայն հանդուրժում են, քանի որ բուժանձնակազմն է լավ աշխատում:

«Սա պետական հիմնարկ է, այցելում են հիվանդներ: Ո՞նց կարող է պատահել, որ պոլիկլինիկայի վերելակը փչանա, ու մենք ոտքով բարձրանանք մի քանի հարկ: Ես ծեր, հիվանդ մարդ եմ, ինձ համար դժվար է: Վերջին անգամ որ փչացավ, մոտ մեկ ամիս վերելակ էին նորոգում»,- ասաց այցելուներից մեկը:

Քաղաքացիներին անհանգստացնում է նաև բազմահարկ շենքերի վերելակների հարցը: Ասում են՝ տարօրինակ ձայների հետ մեկտեղ վերելակները պարբերաբար փչանում են:

«Էն ցուրտ ու մութ տարիներին մեր շենքի վերելակի շարժիչը վաճառեցին, տեղն այլ շարժիչ դրեցին: Ու մինչև օրս մեր վերելակն այդ շարժիչով է աշխատում: Պարբերաբար փչանում է: Դիմել ենք քաղաքապետարան, սակայն ոչ մի արձագանք»,- նշեց բնակիչներից մի կին:  

Քաղաքացիների մեկ այլ խմբի էլ անհանգստացնում է հատկապես տրանսպորտի հարցը:  Շենգավիթ վարչական շրջանում ներառված Խարբերդ համայնքում ավտոբուսն աշխատում է ժամով: Վերջին ավտոբուսը քաղաքացիներին տուն է տանում 19.00-ին: Քաղաքացիներից շատերն այս հարցի մասին նախընտրեցին լռել՝ ասելով, որ միևնույն է՝ այս հարցը լուծում չի ստանալու:

«Առավոտյան ավտոբուսը հաճախ 10 րոպե շուտ է գնում, հաջորդը մեկ ժամ հետո է: Այսինքն` աշակերտները, ուսանողները պիտի մի ժամ սպասեն կամ էլ ամեն օր տաքսու ծառայություններից օգտվեն: Բազմիցս դիմել ենք քաղաքապետարան: Ասել են՝ նիստ պիտի անենք, ձեր հարցը որոշենք: Ավելի քան մեկ տարվա ընթացքում չկարողացա՞ն նիստ անել, մեզ տրանսպորտ տրամադրեն»,- դժգոհեցին նրանք:

Մանրամասները՝ տեսանյութում: