Եթե այսօր էլ տարածեի այդ հայտարարությունը, նույն ձև կարտահայտվեի. Արմեն Գրիգորյանը՝ Վիտալի Բալասանյանի հայտարարության մասին
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադառնալով Վիտալի Բալասանյանի վերաբերյալ իր արված հայտարարություններին՝ ասաց, որ դրա վերաբերյալ ոչինչ չունի ասելու։ «Արդեն իրավապահ մարմինները պետք է ճշտեն՝ Վիտալի Բալասանյանի հայտարարություններում հանցակազմ կար, թե ոչ: Դա պետք է իրավապահ մարմինները ճշտեն, դրա համար այն ուղարկվել է իրավապահ մարմիններին»,-ասաց Գրիգորյանը։
Tert.am-ի հարցին, թե չի՞ կարծում, որ շատ կոպիտ է արտահայտվել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հասցեին, անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց. «Եթե այսօր էլ տարածեի այդ հայտարարությունը, նույն ձև կարտահայտվեի»։
Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը Վիտալի Բալասանյանին «խուլիգան» էր անվանել, իսկ Tert.am-ի հետ զրույցում Աղվան Վարդանյանը Արմեն Գրիգորյանին՝ դասալիք։
Գրիգորյանը նշեց, թե մոտեցում կա, որ եթե պաշտոնյաների միջև խոսակցություններ են լինում, դա կարող է ազդել երկրների հարաբերությունների վրա, մինչդեռ, ըստ նրա, այդպես չէ։ «Արցախի մասով չի կարող այդպիսի բան լինել»,-ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով Աղվան Վարդանյանի՝ իրեն դասալիք համարելուն, նա ասաց. «Հիմա, օրինակ, ես էլ հեղափոխությունում ներդրում եմ ունեցել, հիմա արդյո՞ք իրավունք ունեմ հավելյալ բաներ անելու, իհարկե՝ ոչ: Ես չեմ կարծում, որ իրավունք ունեմ օրենքը խախտելու»,-ասաց նա և նշեց, որ բոլորն էլ պարտավոր են հարգել Արցախի հաղթանակը, հեղափոխությունը և ավելի պատասխանատու դիրքորոշում ու վարքագիծ դրսևորել:
Արմեն Գրիգորյանը կեղծ համարեց այն լուրը, թե ինքը չի ծառայել և նշեց, որ ծառայել է Արցախի պաշտպանության բանակում: «Եթե Աղվան Վարդանյանի կարիերան ընդհատվել է հեղափոխությամբ, որում ես մեծ ներդրում եմ ունեցել, բնականաբար, այդպիսի խնդիր պետք է արտահայտի, դա իր անձնական կարծիքն է, որը հիմնված է կեղծ լուրի վրա»,-ասաց նա:










