Republican Airways ավիաընկերության օդաչուի և բորտուղեկցորդուհու թեժ կռիվը հայտնվել է համացանցում (տեսանյութ)

01:05 • 10.10.19

Republican Airways ավիաընկերության օդաչուն և բորտուղեկցորդուհին ինքնաթիռում ծեծկռտուք են սարքել այն ժամանակ, երբ օդանավն ամերիկյան Դենվեր օդանավակայանում սպասում էր թռիչքին: Այս մասին հայտնում է ABC News-ը:

Նշվում է, որ վիճաբանության պահին ինքնաթիռում դեռևս ուղևորներ չեն եղել: Սկանդալի կիզակետում են հայտնվել 36-ամյա օդաչու Ուիլյամ Թոմասն ու 29-ամյա բորտուղեկցորդուհի Մարիշա Սփորերը:

Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը մոտենում կնոջը, թքում նրա վրա, որից հետո բորտուղեկցորդուհին հարվածում է նրա դեմքին: Օդաչուն հետ չի մնում և բռունցքներով պատասխան հարվածներ է հասցնում աղջկան:

Վիճաբանության պատճառը չի նշվում, սակայն հայտնի է, որ 2018 թվականի նոյեմբերին զույգը հանդիպում էր: Ենթադրվում է, որ աղջիկն ինչ-որ բան է տեսել սիրելիի բջջային հեռախոսում, որը նրան դուր չի եկել:

Օդաչուն և բորտուղեկցորդուհին աշխատանքից հեռացվել են և ձերբակալվել` հասարակական կարգը խախտելու համար: Տեսագրությունն ուսումնասիրում է ոստիկանությունը: Դատը կկայանա հաջորդ շաբաթ: