Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ Hetq.am

23:58 • 26.11.26

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր՝ 2026թ. նոյեմբերի 26-ին, Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ քրեական վարույթի ողջամիտ ժամկետների խախտման պատճառով։ Դատարանը գտել է, որ Բաբայանի գործի քննության ընդհանուր տևողությունը՝ մոտ 7 տարի, չի համապատասխանում ողջամիտ ժամկետի պահանջին։ Հայաստանի կառավարությունը դիմումատուին պետք է վճարի 1150 եվրո փոխհատուցում։ Այս մասին գրել է Հետքը։

«Բաբայանը ՄԻԵԴ էր դիմել 2023 թվականի ապրիլի 18-ին՝ բողոքելով, որ իր նկատմամբ իրականացվող քրեական վարույթը չափազանց երկար է տևել։ Նա վկայակոչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, որը երաշխավորում է գործի քննությունը ողջամիտ ժամկետում (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք)։

Քաղաքացու շահերը պաշտպանել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։ Մկրտիչ Բաբայանի նկատմամբ քրեական վարույթը տևել է ավելի քան 7 տարի։ Վարույթը սկսվել է 2015թ.-ի դեկտեմբերի 26-ին և ավարտվել 2022թ.-ի դեկտեմբերի 27-ին։ Այն քննվել է դատական երեք ատյաններում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ տևողությունը ողջամիտ չէ, և Հայաստանի կողմից խախտում է արձանագրել։

ՄԻԵԴ-ը նշել է, որ վարույթի տևողության ողջամտությունը գնահատելիս հաշվի են առնվում գործի բարդությունը, դիմումատուի և պետական մարմինների վարքագիծը, ինչպես նաև այն, թե ինչ նշանակություն է ունեցել գործը դիմումատուի համար։

ՄԻԵԴ-ը, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, չի գտել որևէ փաստ կամ հիմնավորում, որը կարող էր արդարացնել Հայաստանի ներպետական մարմիններում վարույթի ընդհանուր տևողությունը։ Հետևաբար, դատարանը եզրակացրել է, որ քննությունն անհարկի երկար է տևել, և արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում։

Դատարանը նաև մերժել է Հայաստանի կառավարության առարկությունը՝ կապված ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու հետ։

ՄԻԵԴ-ը միաձայն որոշել է, որ դիմումն ընդունելի է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է երեք ամսվա ընթացքում Բաբայանին վճարի դատարանի որոշմամբ սահմանված փոխհատուցումը։ Վճարման ուշացման դեպքում գումարի նկատմամբ կհաշվարկվի տոկոս՝ Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած վարկավորման տոկոսադրույքի և լրացուցիչ 3 տոկոսային կետի չափով։

Հայաստանի կառավարությունը Մկրտիչ Բաբայանին պետք է վճարի 900 եվրո՝ ոչ նյութական վնասի և ևս 250 եվրո՝ դատական ծախսերի համար»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։