Ակումբը մարդուց ավելի կարևոր չէ. Կիմիխը հակադարձել է «Բավարիայի» ղեկավարությանը

22:28 • 26.11.26

Մյունխենի «Բավարիայի» ավագ Ջոշուա Կիմիխը կոշտ քննադատության է ենթարկել ակումբի ղեկավարությանը՝ Ջամալ Մուսիալայի առողջական վիճակի և պայմանագրի շուրջ արված հրապարակային հայտարարությունների պատճառով:

Չեմպիոնների լիգայում «Լիլից» կրած պարտությունից (1:2) հետո գերմանացի կիսապաշտպանը չի թաքցրել իր դժգոհությունը՝ նշելով, որ նման նուրբ թեմաները չպետք է դառնան հանրային քննարկման առարկա։

«Չեմ հասկանում, թե ինչու է այս հարցը հրապարակայնորեն նման կերպ ներկայացվում։ Չի կարելի իրավիճակը լուծել խաղացողի հաշվին։ Ակումբը, իհարկե, առաջնային է, բայց այն մարդուց ավելի կարևոր չէ։ Սա բացարձակապես անընդունելի է և «Բավարիային» հարիր չէ»,– Կիմիխի խոսքերը մեջբերում են գերմանական լրատվամիջոցները։

Կիմիխի արձագանքը հաջորդել է ակումբի ղեկավարների վերջին հարցազրույցներին։ Ավելի վաղ Կարլ-Հայնց Ռումենիգեն Sky-ի եթերում հայտարարել էր, որ եթե Մուսիալան չկարողանա վերադառնալ իր նախկին մակարդակին, ակումբը ստիպված կլինի քննարկել ստեղծված իրավիճակը ֆուտբոլիստի, նրա ընտանիքի ու գործակալի հետ։ Ուլի Հյոնեսն էլ թեման որակել էր որպես «բարդ երկընտրանք»։

«Բավարիայի» ավագն ընդգծել է, որ ֆուտբոլիստի խաղի քննադատությունն ու առողջական խնդիրների հանրայնացումը տարբեր բաներ են․ նման հարցերը պետք է կարգավորվեն բացառապես փակ դռների հետևում։ Նրա խոսքով՝ Մուսիալայի դժվարությունները կապ չունեն պրոֆեսիոնալիզմի պակասի հետ, քանի որ ֆուտբոլիստն ամեն օր ջանասիրաբար աշխատում է՝ առավելագույնին հասնելու համար։

Հիշեցնենք, որ առողջական խնդիրների և վնասվածքների պատճառով Մուսիալան վերջին շրջանում բաց է թողել մի շարք հանդիպումներ։ Նոյեմբերի 24-ին մյունխենյան ակումբի ներկայացուցիչները հանդիպել էին ֆուտբոլիստի շրջապատի հետ՝ պաշտոնապես հայտարարելով, որ երկու կողմի համար էլ առաջնայինը խաղացողի առողջությունն է, և ակումբը լիովին աջակցում է նրան վերականգնման փուլում։

Աղբյուրը`ArmSport.am