Նույն ոստիկանությունը, որն ասել էր, թե մեր կյանքին վտանգ է սպառնում, միջադեպում հանցակազմ չտեսավ․ Նարեկ Մալյանը՝ Մարալիկում իրենց վրա կատարված հարձակման մասին

14:46 • 11.10.19

Իշխանությունը պարբերաբար դիմել և դիմում է միջոցների, որպեսզի լռեցնի այն մարդկանց, ովքեր չեն կիսում իշխանության կարծիքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով մեկ տարի առաջ Մարալիկ քաղաքում իր, Արթուր Դանիելյանի և Գրիգոր Մինասյանի վրա կատարված հարձակմանը։

Մալյանը նշեց, որ իրենք «ԱդեկվաԴ» հաղորդաշարի թիմով գնացել էին Մարալիկ և ռեպորտաժ նկարահանել: Իրենց վրա հարձակված երիտասարդները դժգոհել են «ԱդեկվաԴ»-ի թողարկումներից մեկում հնչած որոշ մտքերից, վիրավորել են, հայհոյել հաղորդման հեղինակներին և քաշքշել նրանց:  Քաշքշուկը տեղի է ունեցել ուղիղ եթերի ընթացքում, որից հետո Ոստիկանության աշխատակիցները Նարեկ Մալյանին, Արթուր Դանիելյանին և Գրիգոր Մինասյանին բերման են ենթարկել ոստիկանության Մարալիկի բաժին։

«Բերման ենթարկելուց հետո մեզ երկար փորձում էին համոզել, որ մենք մարզից հեռանանք, մեզ խնդրում էին։ Այդ խնդրանքներին հետո միացան նաև Արթիկի բաժնից, որտեղ ևս նկարանում էինք իրականացրել: Մեզ ասացին, որ մեր կյանքին վտանգ է սպառնում և խնդրեցին, որ ոստիկանական ուղեկցությամբ դուրս գանք մարզից: Մի քանի ժամ ոստիկանությունում մնալուց հետո՝ մեզ մարզից դուրս հանեցին: Մենք Երևան վերադարձանք այն կանխավարկածով, որ շուտով քրեական գործ կհարուցվի, մենք էլ  կպատրատվենք իրավական գործընթացին»,- ասաց Մալյանը:

«Նույն ոստիկանությունը, որն ասել էր՝ մեր կյանքին վտանգ է սպառնում, այդ միջադեպի մեջ հանցակազմ այդպես էլ չտեսավ և մերժեց քրեական գործի հարուցումը: Այսինքն՝ կյանքին վնաս տեսան, բայց հանցակազմ չտեսան»,- նշեց նա և հավելեց, որ նրանց փաստաբան Տիգրան Աթանեսյանը ոստիկանության որոշումը բողոքարկեց առաջին ատյանի դատարանում, հետո Վերաքննիչ դատարանում:

«Վերաքննիչը որոշեց, որ ոստիկանության կողմից քրեական գործ չհարուցելը սխալ էր, և բողոքարկման վերջին օրը այսօր է: Եթե այսօր գլխավոր դատախազը բողոքը չներկայացնի վճռաբեկ դատարան, ապա վաղը առավոտից սկսած արդեն ոստիկանությունը պարտավոր է քրեական գործ հարուցել Մարալիկում կատարված դեպքերով»,- նշեց Մալյանը:

Նարեկ Մալյանը ասաց նաև, որ այդ կերպ Նիկոլ Փաշինյանի  կողմնակիցները փորձում են լռեցնել այլ կարծիք ունեցող անձանց, օրինակ, ինչպես իր վրա «Ռեստարտ» նախաձեռնության հարձակումը, «Հայելի» ակումբի վրա հարձակումը, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա հարձակումը:

«Նման հարձակումները գնալով ավելի աճ են գրանցելու: Սա իշխանության գործիքակազմի միակ զենքն է՝ մարդկանց տեսակետը լռեցնելու»,- նշեց նա:

Այս միջադեպին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր նաև փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ բողոքը վճռաբեկ դատարան կարող է բերվել գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից: Եթե վճռաբեկ բողոք չներկայացվի, ապա վերաքննիչ դատարանի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ և դատախազությունը պարտավոր կլինի հարուցել քրեական գործ:

«Ուղիղ մեկ տարի առաջ Մարալիկ քաղաքում Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և Գրիգոր Մինասյանի վրա տեղի ունեցավ ակնհայտ խուլիգանական հարձակումը: Ոստիկանության տեղի բաժնի հետաքննիչի կողմից դա համարվեց «լրիվ իրավաչափ» և քրեական գործ հարուցելը մերժվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այդ որոշումը բողոքարկվել է Շիրակի մարզի դատախազին, ով պաշտպանեց հետաքննիչի «դիրքորոշումը»: Հետագայում Շիրակի մարզի դատարանը վերացրեց հետաքննիչի որոշումը, իսկ դատարանի որոշման դեմ դատախազի բերված վերաքննիչ բողոքը մերժվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից: Պատահական երևի զուգադիպությամբ, այսօր, այդ հանցագործության այսպես կոչված «մեկամյակի օրը», լրանում է վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու ժամկետը»,- գրել էր Աթանեսյանը: