Ինդոնեզիայում տղամարդը տուն է վերադարձել իր իսկ հուղարկավորությունից հետո

10:49 • 11.10.19

Ինդոնեզական Արևելյան Ճավա նահանգի բնակիչը տուն է վերադարձել իր իսկ հուղարկավորությունից հետո, գրում է AsiaOne-ը:

Ամեն ինչ սկսվել է ավտովթարից, որի հետևանքով մահացել է առանց փաստաթղթերի մոտոցիկլետ վարող մի տղամարդ:

Ամբողջովին անճանաչելի դարձած մարմինը հնարավոր չի եղել ոչ մի կերպ ճանաչել, այդ իսկ պատճառով զոհի ինքնությունը հաստատել են մոտոցիկլետի պատկանելիությամբ:   

Ոստիկանությունը պարզել է, որ այն գրանցված է Սունարտո անունով 40-ամյա շինարարի անունով:

Մարմնի մնացորդները հանձնվել են Սունարտոյի հարազատներին՝ հուղարկավորության համար:

Հուղարկավորությունից 7 ժամ անց, սակայն, Սունարտոն վերադարձել է տուն: Տղամարդու խոսքով՝ նա իր մահվան մասին իմացել է իր գործընկերներից:

Շինարարը բացատրել է, որ 3 ամիս առաջ պարտքով գումար է վերցրել իր ծանոթից, որի անունն է Վարիիմ: Որպես գրավ նա նրան է տվել իր մոտոցիկլետը: Ամենայն հավանականությամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է հենց Վարիիմը:

Երբ Վարիիմի հարազատներն իմացել են տեղի ունեցածի մասին, նրանք որոշել են չվերահուղարկավորել մարմինը, այլ միայն փոխել շիրմաքարը: