Լենա Նազարյանն առաջարկում է Ընտրական օրենսգրքում կանանց քվոտան հասցնել 40 տոկոսի (տեսանյութ)
Օրենսդիր, գործադիր մարմիներում կանանց ներկայացվածությունը բավական տուժում է, ԱԺ 132 պատգամավորներից միայն 31-ն է կին, Կառավարությունում ընդամենը մեկ կին նախարար ունենք, կին մարզպետ չունենք, 45 փոխնախարարներից 13-ն են կին և 37 դեսպաններից՝ 6-ը։ Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ «Կանանց քաղաքական մասնակցության խթանում» թեմայով հրավիրված քննարկմանը վիճակագրություն ներկայացնելով։
Իր խոսքում Լենա Նազարյանը նշեց, որ իր գործընկերների հետ Կառավարությունում և ԱԺ-ում քննարկումներ է նախաձեռնել կանանց ներգրավվածության նպատակով օրենսդրական մեխանիզմներ ստեղծելու համար: Ըստ նրա՝ կանանց քվոտան Ընտրական օրենսգրքում պետք է հասցնել 40 տոկոսի:
« Ներկայումս ԸՕ-ում մի սեռի ներկայացվածությունը չպետք է գերազանցի 70 տոկոսը, ես առաջարկում եմ, որ չպետք է գերազանցի 60 տոկոսը, այսինքն՝ կանանց քվոտան հասցնենք 40 տոկոսի»,-ասաց նա և նշեց, որ, իհարկե, ցանկացած գործընթացում էլ քննարկվում է մասնագիտական կողմը, բայց ինքը բոլորովին կասկածի տակ չի դնում կանանց մասնագիտական կողմը:
Հարցին, թե ի՞նչն էր խանգարում Կառավարությանը, որպեսզի ավելի շատ կանանց ներգրավվեր, Լենա Նազարյանը պատասխանեց, որ նման ցանկություն և ձգտում եղել է, բայց եղել են օբյեկտիվ հանգամանքներ։ «Մենք երկար ժամանակ փնտրել ենք կին նախարարներ, բայց չենք կարողացել գտնել այդ պահին: Մեր նպատակը և ձգտումը մնում է նույնը, մենք հիմա ստեղծում ենք օրենսդրական հիմքեր, որպեսզի հետագայում իշխանությունները փոխվեն, բայց մշակույթը ձևավորվի, որի արդյունքում հաջորդները հետ քայլ չեն կարող անել»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե գուցե կանայք շահագրգռված են ներգրավվել այն չափով, որքան արդեն իսկ ներգրավված են, Նազարյանը նշեց, որ եթե ստեղծվեն հնարավորությունները, կանայք այդ հայտը կներկայացնեն:










