«Մենք այստեղ ենք, որպեսզի փրկենք ձեզ». թուրքական բանակին աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը դիմել է Սիրիայի խաղաղ բնակիչներին
«Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորումը, որը մարտական գործողություններ է անցկացնում Սիրիայի կառավարության դեմ և ներկայում աջակցում է թուրքական բանակին, երեկ քրդական Էլ Յաբսե գյուղում է եղել: Այս մասին տեղեկացնում է En Son Haber կայքը:
Խմբավորման անդամները վստահեցրել են խաղաղ բնակիչներին, որ իրենք «կմաքրեն տարածաշրջանն ահաբեկիչներից, և խաղաղ բնակչությունը կշարունակի անվտանգ ապրել»:
Իր խոսքում խմբավորման ջոկատներից մեկի ղեկավարը մասնավորապես ասել է. «Հանգիստ եղե՛ք: Մենք ձեր ընտանիքն ու ձեր ժողովուրդն ենք: Մենք այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք ձեզ: Որպես սիրիացի ժողովուրդ՝ մենք թույլ չենք տա մեր պետության կառույցում լինի անջատողական ահաբեկչական կազմակերպություն: Հավատը պատկանում է Աստծուն, իսկ հայրենիքը՝ բոլորիս: Խնդրում եմ ձեզ աղոթել մեզ համար»:
Հիշեցնենք, որ «Սիրիական ազատ բանակ» խմբավորումը ստեղծվել է 2011 թվականին մի խումբ սիրիացի դասալիք սպաների կողմից:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան սկսել է իր «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ բազմաթիվ զրահատեխնիկա և օդուժ կիրառելով սահմանի երկայնքով: Թուրքական բանակին աջակցում է «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորումը:










