Ադրբեջանցի երիտասարդները ցանկություն են հայտնել միանալ «եղբայր Թուրքիային ու նրա բանակին». ադրբեջանցի պաշտոնյա
Ադրբեջանի նախագահին կից քաղհասարակության կազմակերպությունների խորհրդի անդամ Էմին Հասանլըն ասել է, որ ավելի քան 1000 ադրբեջանցի երիտասարդ դիմել է կամավոր թուրքական բանակին միանալու համար: Այս մասին հայտնում է En Son Haber կայքը:
«Թուրքիան սկսել է գործողությունը Սիրիայում, և Ադրբեջանի վետերանները, ռազմական թոշակառուները, նահատակների ընտանիքները, մեր երիտասարդները և ամբողջ ադրբեջանցի ժողովուրդն ուզում է օգնել ձեզ: Ցանկանում ենք, որ թուրքական բանակը որքան հնարավոր է կարճ ժամանակում հաղթանակ տանի»,- ասել է Հասանլըն՝ հավելելով, որ ադրբեջանցի վետերաններն ու երիտասարդները «ցանկանում են կռվել թուրքական բանակի շարքերում»:
«Մենք միշտ մեր եղբայր Թուրքիայի և նրա բանակի կողքին ենք»,- ասել է Հասանլըն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:










