Քաղաքական գործընթացներում կանանց ներգավվածության առումով ՀՀ-ի վիճակն այդքան էլ վատ չէ, բայց հեռու է բավարար լինելուց. փորձագետ
Հոկտեմբերի 11-ն Աղջիկ երեխայի միջազգային օրն է: Միավորված ազգերի կազմակերպությունը 2012 թ. հոկտեմբերի 11-ին առաջին անգամ աշխարհում նշեց Աղջիկ երեխայի միջազգային օրը:
Այս առիթով և «Կանանց քաղաքական մասնակցության խթանում» թեմայով այսօր պատգամավորները, մասնավորապես, կանայք, կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկեցին քաղաքականությանը կանանց մասնակցության հարցը:
Միջազգային չափանիշների և փորձի ուսումնասիրության միջոցով մասնակիցներն անդրադարձան ներկուսակցական և ընտրական քվոտաներին, հանրային ֆինանսավորմանը, խրախուսման և պատժամիջոցների գործիքներին, ինչպես նաև՝ նախընտրական քարոզչության կարգավորումներին, որոնք ուղղված են կուսակցական կառույցներում և ընտրված մարմիններում կանանց ներկայացվածության բարձրացմանը:
Քննարկմանը ներկայացված զեկույցին Ընտրական ժողովրդավարության կենտրոնի նախագահ Աղասի Եսայանը նշեց, որ քաղաքական գործընթացներում կանանց ներգավվածության առումով ՀՀ-ի վիճակն այդքան էլ վատ չէ. արևելաեվրոպական կոնտեքստում տեղավորում է, բայց հեռու է բավարար լինելուց, անելիքներ կան:
Նշվեց, որ ԱԺ-ում 23,5 տոկոս կին պատգմավոր կա, և այս թվի վրա երկու գործոն է ազդում: Մի դեպքում այդ գործոնն նվազեցնում է կանանց թիվը, դա տարածային ռեյտինգային ցուցակներ են, որոնց պատճառով խախտվում է նվազագույն 25 տոկոսը, որ պետք է գործեր, իսկ ավելացնող գործոնն այն է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակից շատերը գործադիր գնացին, և բավականաչափ տղամարդ պատգամավորներ լքեցին ԱԺ-ն, և որոշակի տեղեր ավելացան կանանց համար:
Կուսակցության ղեկավար մարմիններում կանանց միջինացված ներկայությունը կազմում է 15 %, ԼՀԿ-ն առաջատար է՝ 23%, ցածրը ՔՊ-ն է՝ 11 տոկոս:










