Ճապոնիայում երկրպագուն Instagram-ի օգնությամբ պարզել է սիրելի երգչուհու բնակության վայրն ու հարձակվել նրա վրա
Տոկիոյի ոստիկանությունը ձերբակալել է 26-ամյա Հիբիկի Սաթոյին ճապոնական Tenshi Tsukinukeni Yomi փոփ խմբի անդամ, 21-ամյա երգչուհի Էնա Մաստուոկայի վրա հարձակվելու համար: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ գրում է CBS News-ը:
Աղբյուրը նշել է, որ Սաթոն, ըստ ոստիկանության հաղորդման, հարձակվել է աղջկա վրա, երբ նա տուն է վերադարձել: Երգչուհի նկատմամբ ոտնձգությունից հետո երիտասարդը փախել է, սակայն իրավապահներին հաջողվել է տեսախցիկների միջոցով պարզել նրա ինքնությունը և հայտնաբերել նրան:
Սաթոն խոստովանել է, որ աղջկա բնակության վայրը գտել է՝ ուսումնասիրելով նրա Instagram-ի լուսանկարները: Նա մեծացրել է Մաստուոկայի լուսանկարներն ու պարզել փողոցը, որում նա բնակվում է: Այնուհետև տվյալները համադրել է Google Street View ծառայության տվյալների հետ:
Բացի այդ, Սաթոն երգչուհու հրապարակած տեսանյութերում ուշադիր զննել է վարագույրների դիրքն ու լույսի տարածման անկյունը և հասկացել է, թե կոնկրետ որ շենքում է գտնվում նրա բնակարանը:
Մեկնաբանելով կատարվածը՝ ոստիկանության ներկայացուցիչն ասել է. «Մարդիկ պետք է հասկանան, որ սոցիալական ցանցում լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը ենթադրում է իրենց անձնական տվյալների բացահայտման մեծ ռիսկ»:










