2019 թվականի խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիին

13:39 • 11.10.19

2019 թվականի խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիին՝ «խաղաղության հաստատման գործում ներդրած ջանքերի» համար:

Ինչպես այսօր հայտնել է Նորվեգիայի նոբելյան կոմիտեի նախագահ Բերիթ Ռայս-Անդերսենը, Աբիյ Ահմեդ Ալին մրցանակի է արժանացել «Էրիթրեայի հետ սահմանային կոնֆլիկտի կարգավորման համար նախաձեռնության համար»: 

 

 

Հոկտեմբերի 10-ին հայտնի էին դարձել գրականության ոլորտում 2018 և 2019 թվականների նոբելյան մրցանակակիրների անունները: 2018 թվականի նոբելյան մրցանակակիր է դարձել լեհ գրող Օլգա Տոկարչուկը, 2019 թվականի նոբելյան մրցանակակիր է դարձել ավստրիացի գրող Պետեր Հանդկեն:

Օլգա Տոկարչուկը 2018 թվականին Բուքերյան մրցանակ էր ստացել «Վազորդները» վեպի համար: Պետեր Հանդկեի գրքերի հիման վրա ֆիլմեր են նկարահանվել:  

Հիշեցնենք, որ Նոբելյան հանձնաժողովը հայտարարել էր, որ 2018թ. չի հանձնի գրականության ոլորտում նոբելյան մրցանակը՝ թեկնածուների ընտրության համար պատասխանատու Շվեդական ակադեմիայում սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի պատճառով: Փոխարենը 2019թ. երկու հաղթողի անուն է հայտարարվել:

Հոկտեմբերի 9-ին հայտնի էին դարձել քիմիայի ոլորտում նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակ են ստացել Ջոն Գուդենաֆը, Սթենլի Ուիթենգհեմը և Ակիրա Յոշինոն՝ «լիթիում-իոնային մարտկոցների մշակման համար»: 

Հոկտեմբերի 8-ին հայտնի էին դարձել ֆիզիկայի ոլորտում նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակակիր են դարձել Ջեյմս Փիբլսը, Միշել Մայորը և Դիդյե Քելոն: Մրցանակի «կեսը» հանձնվել է Փիբլսին՝ «տիեզերագիտության տեսական հետազոտությունների համար», երկրորդ «կեսը»՝ Մայորին և Քելոյին՝ «արևանման աստղի ուղեծրում էկզոմոլորակի բացահայտման համար»: 

Հոկտեմբերի 7-ին Ստոկհոլմում հայտնել էին բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակակիր են դարձել Ուիլյամ Քելինը, Փիթեր Ռեթքլիֆը և Գրեգ Սեմենցան՝  թթվածնի անբավարարությանը բջիջների ադապտացման վերաբերյալ հետազոտության համար:

Հոկտեմբերի 14-ին կհայտարարեն Շվեդական ազգային բանկի՝ տնտեսական գիտությունների համար տրվող մրցանակի հաղթողի անունը: