«Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը». Բեդրոս Կիրկորով

15:48 • 23.10.19

Sputnik ռադիոկայանի մոլդովական ծառայության եթերում ռուսական շոու բիզնեսի աստղ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ բուլղարահայ երգիչ Բեդրոս Կիրկորովը հայտնել է, որ իր նախնիները թաղված են Մոլդովայում:

Լրատվամիջոցը նախկինում գրել էր, որ Մոլդովան մեծ դեր է խաղում ոչ միայն հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի, այլև նրա նախնիների կյանքում:

Նշվում է, որ Քիշնևի հին գերեզմանատանը, որտեղ նախկինում հայեր, ավելի ուշ կաթոլիկ լեհեր են թաղված եղել, 19-20-րդ դարերում տեղադրված մի քանի գերեզմանաքարեր կան: Այդտեղ Կիրկորով ազգանունը կրող մարդիկ են թաղված:

Բեդրոս Կիրորովը նշել է, որ Կիրկորովներն էթնիկ հայեր են, որոնք, ցեղասպանությունից փախչելով, սփռվել են աշխարհով մեկ: Նրանցից որոշ ընտանիքներ, ինչպես Բեդրոս Կիրկորովի ընտանիքը, հայտնվել են Բուլղարիայում, որոշները՝ Ռումինիայում (Բուխարեստում այժմ շատ Կիրկորովներ են ապրում), որոշներն էլ գաղթել են Ֆրանսիա:

«Իմ հեռավոր նախնիները թաղված են այստեղ՝ Մոլդովայում: Վերջերս՝ 10 տարի առաջ իմացա, որ քիշնևյան գերեզմանատանը Կիրկորով ազգանունով մարդիկ են թաղված: Ես այցելեցի գերեզմանատուն և գրի առա բոլորի անունները: Այնուհետև, երբ Փարիզում էի, հանդիպեցի տեղի բարեկամներիս հետ. նրանք ինձ ասացին, որ, այո՛, մեր գերդաստանի ներկայացուցիչները թաղված են Քիշնևում: Նրանք մեր նախնիներն են, որոնք Քիշնևում բժիշկներ են եղել»,- ասել է Բեդրոս Կիրկորովը:

 

«Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը». Բեդրոս Կիրկորով