Անհարմար է, երբ աղբյուները դուրս են հանում տեղեկություններ և անտեղի քամի ստեղծում. Զոհրաբ Մնացականյանը՝ Ս. Լավրովի այցի և կենսաբանական լաբորատորիային առնչվող բանակցությունների մասին

15:08 • 01.11.19

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը լինելու է պաշտոնական: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելով, որ ՌԴ –ի հետ հարաբերություններում երկխոսության օրակարգը լայն է:

«Մենք ունենք բավականին դինամիկ շփումներ, ակտիվ երկխոսություն: Ունենք տարածաշրջանային տարբեր զարգացումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են մեր օրակարգին, և դա ևս երկխոսության  թեմա է։ Մենք համագործակցում ենք տարբեր հարթակներում», - ասաց նա։

ԱՄՆ-ի ֆինասնավորմամբ Հայաստանում ստեղծված կենսաբանական լաբորատորիաներ՝ ռուսական կողմի հնարավոր մուտքի վերաբերյալ դիտարկմանն անդրադառնալով՝ Մնացականյանը նշեց, որ թեմայի վերաբերյալ կկարողանա խոսել բանակցությունների ավարտից հետո:


«Որևէ այլ բաներ, որոնք վերաբերում են աղբյուրների կողմից արտահայտած մտքերին, մեզ վրա ազդեցություն չունեն։ Հարմար բան չէ, երբ աղբյուները դուրս են հանում տեղեկություններ և անտեղի քամի են ստեղծում», - ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ին այցելելու է Հայաստան: Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը՝ իր աղբյուրների հղումով, այցի շրջանակում հուշագիր կստորագրվի, որը կերաշխավորի ռուս մասնագետների այցը Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիա, որը ստեղծվել է ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի տրամադրած միջոցներով: Այս մարդկանց թվում, ովքեր կարող են այցելել Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիա, ՌԴ առողջապահության ու պաշտպանության նախարարությունների մասնագետները ևս ներգրավված են: