Չիլիի հրաժարվելուց հետո, Իսպանիան հավանաբար կհուրընկալի ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների թեմայով համաժողովը. Reuters

12:53 • 01.11.19

Իսպանիան, ըստ երևույթին, Մադրիդում կհյուրընկալի ՄԱԿ-ի՝ COP25 կլիմայական փոփոխությունների թեմայով գագաթնաժողովը, որը նախատեսված էր անցկացնել Չիլիում, գրում է Reuters գործակալությունը:

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան օրեր առաջ հայտարարել էր, որ որոշում է կայացրել չեղարկել ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխությունների թեմայով համաժողովի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի անցկացումը երկրում։ Չիլիի առաջնորդը հայտարարել էր, որ որոշումը պայմանավորված է երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին տիրող անկայուն իրավիճակով։

Նրա խոսքով՝ որոշումը ցավալի է, սակայն իր կառավարության համար «առաջնահերթ խնդիրը հասարակական կարգուկանոնի վերականգնումն է»։

Իսպանիայի կառավարությունը, իր հերթին, հայտարարել էր, որ վարչապետ Պեդրո Սանչեսը պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Մադրիդում գագաթնաժողովի անցկացման համար:

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան, ի պատասխան Սանչեսի առաջարկի, ասել էր. «Լիահույս եմ, որ Իսպանիայի վարչապետի այս մեծահոգի առաջարկը խնդրին լուծում կտա»:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Կլիմայական հարցերով խորհուրդը Իսպանիայից պաշտոնական նամակ է ակնկալում բանակցություններ անցկացնելու առաջարկով, որից հետո խորհրդակցություն կկազմակերպի այդ առաջարկը գնահատելու համար:

ՄԱԿ-ի՝ COP25 կլիմայական փոփոխությունների թեմայով գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել դեկտեմբերին: