«ԱՄՆ-ն պետք է վճռականորեն արձագանքի Ադրբեջանում իրավունքների ոտնահարման դեպքերին». Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների թեմայով քննարկում՝ Վաշինգտոնում

15:27 • 01.11.19

Վաշինգտոնում ակտիվիստների, իրավապաշտպանների խումբը, ինչպես նաև Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչներն ուրբաթ դիմել են ԱՄՆ վարչակազմին՝ կոչ անելով հանդես գալ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեմ, գրում է ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» գործակալությունը:

«Մենք ոգևորված ենք հոկտեմբերի 22-ին Բաքվում ԱՄՆ դեսպանատան արած հայտարարություններով, որում կոչ էր արվում Ադրբեջանի կառավարությանը հետաքննել ոստիկանության կողմից բռնության դեպքերը և մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Սակայն մենք պետք է հստակ հայտարարենք, որ միայն այդ հայտարարությունը բավարար չէ»,- Ադրբեջանում մարդու իրավունքների թեմային նվիրված քննարկման ժամանակ նշել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Դանիել Բալսոնը:

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» առաջնորդ Ջամիլ Հասանլըի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարության լուռ արձագանքն ընդդիմության առաջնորդների և ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների նկատմամբ բռնություններին միայն խորը հիասթափություն և ափսոսանք են առաջացնում:

«Ադրբեջանում անսպասելի իրադարձություններ են տեղի ունենում. մի կողմից օրեցօր աճում է ժողովրդի հասարակական-քաղաքական ակտիվությունը, իսկ մյուս կողմից՝ իշխող ռեժիմի կողմից կիրառվող բռնաճնշումները հասել են իրենց գագաթնակետին»,- ասել է նա:

Ըստ նրա՝ հոկտեմբերի 19-ին Ադրբեջանում տեղի ունեցած ընդդիմության ցույցի մասնակիցների և ընդդիմադիրների նկատմամբ խոշտանգումները նախապես պլանավորված են եղել իշխանության կողմից:

Հասանլըի կարծիքով՝ Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործիչ լինելը «շատ վտանգավոր մասնագիտություն է»: Շատ քաղաքական գործիչների նկատմամբ խոշտանգումներ են կիրառվել, եղել են նաև սպանության դեպքեր:

Դանիել Բալսոնը, իր հերթին, նշել է, որ ցուցարարները հոկտեմբերի 19-ին հավաքվել էին՝ պայքարելու   կոռուպցիայի, քաղաքական և քաղաքացիական իրավունքների սահմանափակումների դեմ:

Նա հավելել է, որ Վաշինգտոնում քաղաքական գործիչները վատ պատրաստակամություն են հայտնում պաշտպանելու այն, ինչի մասին այդքան շատ են սիրում դատողություններ անել: Այսպիսով՝ Սպիտակ տունը բազմիցս իր անհանգստությունն է հայտնել ամբողջ աշխարհում կանանց նկատմամբ բռնությունների դեպքերի առնչությամբ:

«Եթե այս հայտարարությունները նշանակություն ունեն, ապա հանուն արդարության ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի ղեկավարության վրա»,- ասել է նա քննարկման ժամանակ:

Հասանլըի խոսքով՝ Ադրբեջանը ներկայում ավելի քան երբևէ ժողովրդավարական փոփոխությունների կարիք ունի: Ըստ նրա՝ ներկայում Ադրբեջանում արգելված է ցույցեր իրականացնել, ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքներն ամեն անգամ ավելի շատ են դառնում, մամուլի և սոցիալական ցանցերի նկատմամբ հսկողության փորձն ավելի շատ հաջողություն է ունենում: