Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել. Սարհատ Պետրոսյանը նշում է՝ կհեռանան թիմով
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։ Այս մասին Tert.am-ը տեղեկացել է Կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան էջից:
Կոմիտեի ղեկավարի պարտականությունները նոյեմբերի 1-ից վերապահված են Լևոն Մելիքյանին։ Նա ղեկավարի տեղակալ է նշանակվել 2018 թ. սեպտեմբերին՝ Սարհատ Պետրոսյանի ղեկավարման օրոք։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է կառավարության՝ նույն օրն ընդունած որոշումը, որով Սարհատ Պետրոսյանն ազատվում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի դիմումը ներկայացրել էր շաբաթներ առաջ։
Նշենք նաև, որ Կադաստրի կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադառնում է վերոնշյալ հայտարարությանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Իմ հայտարարության նախնական տարբերակում նախատեսում էի նշել, որ ինձ հետ միասին ազատման դիմումներ են ներկայացնելու նաեւ իմ մի շարք գործընկերները, սակայն ավելի ուշ որոշեցի չգրել այդ մասին, որեւէ կերպ չկաշկանդելով նրանց։
Մենք որպես թիմ միասին եկել էինք փոփոխություն բերելու, եւ այժմ էլ հեռանում ենք որպես մեկ միասնական թիմ։ Սա մեկ անգամ եւս վերահաստատում է, որ մեզ հաջողվել է ձեւակերպել միասնական տեսլական ու արժեքային համակարգ։ Հույս ունեմ, որ նույն կազմով դեռ կկարողանանք օգտակար լինել մեր երկրին։
Սպասեք ավելին...»









