Մեծ Բրիտանիայում հայտնաբերված 39 դիերով բեռնատարի գործով Վիետնամում ևս 8 անձ է ձերբակալվել

16:42 • 04.11.19

Վիետնամի ոստիկանությունը ևս 8 անձի է ձերբակալել Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների զանգվածային մահվան գործի հետաքննության շրջանակում, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով տեղական VnExpress-ին:

Անօրինական ներգաղթյալների տեղափոխման հետ կապված 8 անձինք ձերբակալվել են Վիետնամի Նգեան նահանգում:

Հաղորդվում է, որ նշված տարածաշրջանից ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում 21 անձ է կորել Մեծ Բրիտանիայում: Նահանգի իշխանություններն անհայտ կորածների հարազատներից ԴՆԹ-ի նմուշներ են վերցնում Էսսեքսի տարածքում բեռնատարում հայտնաբերված զոհերի ճանաչման համար:

Անցյալ շաբաթ Վիետնամի ոստիկանությունը Հատին շրջանում Էսսեքսի գործով քննության շրջանակում երկու անձի էր ձերբակալել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Մեծ Բրիտանիայում բեռնատար է հայտնաբերվել՝ 39 դիերով: Զոհերից 38-ը չափահասներ են, մեկը՝ դեռահաս: Ի սկզբանե ենթադրվել է, որ բեռնատարը Մեծ Բրիտանիա էր ուղևորվել Բուլղարիայից: Ամենայն հավանականությամբ, ներգաղթյալները մահացել են ցրտից: Բեռնատարում ջերմաստիճանը 0-ից ցածր է եղել:

Ավելի ուշ GPS-ը ցույց է տվել, որ բեռնատարը գտնվել է Ֆրանսիայի՝ Դյունկերկի և Կալեի փախստականների ճամբարներում, այնուհետև ուղևորվել Բելգիա: Մեծ Բրիտանիայից առաջ բեռնատարի եվրոպական վերջին կանգառը եղել է բելգիական Զեբրյուգեն: