Խնդիր չեմ տեսնում, պատրաստ եմ. Դավիթ Տոնոյանը` Ապրիլյան պատերազմի գործողություններն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով կանչվելու մասին (տեսանյութ)
Ես Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն եմ եղել, և եթե իմ գործողությունների մեջ որևէ խնդիր է առաջանալու, որը Ապրիլյան պատերազմի գործողություններն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում պետք է լինի, խնդիր չեմ տեսնում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` նշելով, որ այս պահին իրեն հանձնաժողով չեն հրավիրել:
Հարցին` հնարավո՞ր է, որ հանձնաժողովն անսպասելի բացահայտումներ իրականացնի, նախարարը նշեց, որ չի ցանկանում գնահատական տալ:
«Բայց այն, որ Պաշտպանության նախարարության համակարգում պարզ է`ինչ է կատարվել, ինչպես է կատարվել, և ես ընդհանրապես ակնկալում եմ, որ նման հանձնաժողով Ադրբեջանում լինի, ոչ միայն`այստեղ: Ես չեմ կարող ասել` հանձնաժողովն ի՞նչ վեր կհանի, բայց այն, ինչը կկատարվի, արդյունքը՝ ես ակնկալում եմ դրական, որն ավարտ կտա այդ բոլոր խոսակցություններին:»,-ասաց նախարարը`նշելով, որ Ապրիլյան գործողությունների վերաբերյալ բոլոր ասեկոսեները, բանսարկությունները, որոնք գոյություն ունեն հասարակության մեջ, կփարատվեն:
Դիտարկմանը, թե այսինքն` նախարարության համար հանձնաժողովը բացահայտում չի՞ անի, և իր համար ամեն ինչ պարզ է և սպասում է` հանրության համար պարզ լինի՞, նախարարը պատասխանեց. «Այո, կարելի է այդպես գնահատել»:
Տոնոյանն անդրադարձավ նաև հարցին, թե նախորդ իշխանությունների կողմից, նրանց պատասխանատվությամբ խնդիրներ եղե՞լ են, որոնք այս հանձնաժողովը կարող է վեր հանել`նշելով. «Ինձ համար պարզ է, որ դրանք եղել են դավադիր գործողություններ հակառակորդի կողմից: Հայկական կողմից եղել են թերացումներ, որոնք վերլուծվել են, և մենք դրանց վերաբերյալ քաջատեղյակ ենք»:









