Ես վախենում եմ, որ հասարակության մոտ բարձր եկամուտ ստացող անձի նկատմամբ ձևավորվում է բացասական կարծիք. ՊԵԿ նախագահ

15:46 • 04.11.19

2020 թվականի բյուջեի նախագծով առաջարկվում է պարգևատրումների ֆոնդը սահմանել 5.8 մլրդ դրամ: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Նախորդը շուրջ 5 մլրդ էր», - ասաց նա՝ նշելով, որ պարգևատրումների հարցում շեշտը դրվելու է ստորին օղակների վրա:

Ըստ նրա՝ արժանապատիվ եկամուտն այն գումարի չափն է, որն անձին կոռուպցիոն քայլերի գնալուց հետ կպահի:

«Արժանապատիվ եկամուտն այն գումարն է, որը միջին վիճակագրական արժեքային համակարգ ունեցող անձը կոռուպցիոն ռիսկերի չի գնա: Ես վախենում եմ, որ հասարակության մոտ բարձր եկամուտ ստացող անձի նկատմամբ ձևավորվում է բացասական կարծիք՝ անկախ նրանից՝ անձը պետական ծառայող է, թե ոչ: Այստեղ հասարակության հետ զրույց անելու անհրաժեշտություն կա», - ընդգծեց Անանյանը:

Նրա խոսքով՝ շատ դեպքերում, եթե մարդը գնում է աշխատանքի ընդունվելու, ոչ թե նայում է, թե այդ աշխատանքի դիմաց միջինում շուկայում ինչ աշխատավարձ է ձևավորված, այլ իր ծախսերի հանրագումարը փորձում է աշխատավարձի տեսքով վերցնել:

Դավիթ Անանյանը նաև ասաց, որ մինչև պետական ծառայության անցնելը, այսօրվա վաստակածից մի քանի անգամ ավել եկամուտ է ունեցել, պետական ծառայությունից, վստահաբար, հետո էլ ունենալու է մի քանի անգամ ավել եկամուտ: