Նիկոլ Փաշինյանը, ավաղ, չի տիրապետում արցախյան հիմնախնդրի կարգավորման ողջ փաթեթին. Արմեն Աշոտյան

15:37 • 04.11.19

Եթե փորձենք հիշել, թե ինչ է վարչապետն ասել ղարաբաղյան հարցի լուծման սկզբունքների մասին, կամ Հայաստանի իշխանությունների մոտեցման մասին, ապա չենք հիշի, քանի որ այդ մասին ոչինչ չի ասվել: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նիկոլ Փաշինյանը, ավաղ, չի տիրապետում արցախյան հիմնախնդրի կարգավորման ողջ փաթեթին: Այն մեծամտությունը, գոռոզությունը, որով Նիկոլը լծվել է արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններին, այն անկայունությունը, անլրջությունը, որով նա վերաբերում է սեփական խոսքին և ամեն մի ելույթից հետո ստիպում արտաքին գործերի նախարարին կամ պաշտպանության նախարարին՝ կախված թեմայից, մաքրել իր հետևից, իհարկե, դրա վկայություններից են»,- նշեց Աշոտյանը:

Ըստ նրա՝ հանրության ավելի հետաքրքիր է, թե ինչ են քննարկում Հայաստանի իշխանությունները Արցախի խնդրի լուծման վերաբերյալ, սակայն Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերից մեկ եզրակացություն կա, որ ոչ մի կոնկրետ մոտեցում, որևէ հստակ որդեգրված քաղաքականություն, որևէ հստակություն ՀՀ կառավարության կարծիքների, դիրքերի մասին Արցախյան հարցում չհնչեց, որը Աշոտյանի գնահատմամբ՝ ամենամեծ բացթողումն է, և դրա մեջ, ըստ իրեն, դիտավորություն կա:

«Այն համատարած մանիպուլյացիաները, որ անում է Փաշինյանը և իր թիմը տարբեր հարցերի շուրջ, ավաղ, չի շրջանցել նաև Ղարաբաղը: Ամեն լրահոսի հետևում Փաշինյանը տեսնում է նախկինների ականջները: Նրա մոտ ֆոբիաներ կան, սակայն խնդիրը միայն իր վախերի մեջ չէ: Եթե մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանին, այդ թվում՝ ղարաբաղյան հարցում քննադատում էին հիմնականում հանրապետականները, ապա այսօր հանրային   դժգոհության, քննադատությունների տեղատարափի տակ լսվում են նաև բազմաթիվ այլ ձայներ»,- ասաց նա:

Աշոտյանի խոսքով՝ ազնիվ չէ բոլոր քննադատությունները վերագրել նախկին ռեժիմին, պետք է առերեսվել այն մտքի հետ, որ Նիկոլ Փաշինյանից դժգոհ են ոչ միայն հանրապետականները:

«Նիկոլ Փաշինյանը երեկ կրկնեց այն անհաջող բանաձևը, որ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի 3 ժողովուրդներին: Փաշինյանին թվում է, թե գտել է կախարդական բանաձև, որ եթե այդ բառերը նա ասում է, Ալիևին նույնպես պետք է ստիպի դա կրկնել. Այդպես չի լինելու»,- նշեց նա և հավելեց, որ Ալիևը ներպետական և միջպետական  հարթակներում շատ կոպիտ է արձագանքել:

«Բա՞ն ասեց երեկ Նիկոլ Փաշինյանը դրան ի պատասխան: Դուք չե՞ք զարմանում, որ մեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձն արցախյան հարցում հակադարձում է հիմնականում մեզ, քան՝ ադրբեջանական իշխանություններին: Ինձ համար շատ տարօրինակ է, որ անպատասխան թողնելով Ալիևի զառանցանքները Հայաստանի, Ղարաբաղի, Զանգեզուրի մասին, նա իր եթերով խոսում է ինչ-որ բամբասանքների, ասեկոսեների մասին և փորձում է տպավորություն ստեղծել, որ Բաղդադում ամեն ինչ հանգիստ է»,- նկատեց Աշոտյանը:

Աշոտյանը դիտարկում կատարեց և ասաց, որ Փաշինյանը և արտաքին գործերի նախարարը հատկապես վերջին ամիսներին պատշաճ կերպով չեն հետևել ադրբեջանական քարոզչությանը և չեն արձագանքում դրանց:

«Պարոն Փաշինյան, ինչո՞ւ չես անդրադառնում Ալիևի հայտարարություններին, ինչո՞ւ չես հակադարձում»,- ասաց նա: