Սա լուրջ խնդիր է, մի պարագայում այն ապահովում է բալանսը, մյուս պարագայում՝ խախտում. Վ. Հարությունյանը` ՀԱՊԿ անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

13:44 • 04.11.19

Սա լուրջ խնդիր է. անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Այստեղ մի բան կա, այն է՝ երբ խոսում ենք ՀԱՊԿ-ից, պետք է հասկանանք, որ սրա հիմքում դրված է մի օրենք՝ սպառնալիքը մեր պետության համար սպառնալիք է բոլոր պետությունների համար: Ըստ այդմ՝ այդ պետությունները չպետք է գործեն և անեն քայլեր, որոնք ուղղված կլինեն որևէ պետության անվտանգության դեմ»,-պարզաբանեց Հարությունյանը` ընդգծելով, որ զենք վաճառելը գործում է այդ տրամաբանության մեջ:

«Բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ մի պարագայում այն ապահովում է բալանսը, մյուս պարագայում՝ խախտում: Այնպես որ, կան նման խնդիրներ, և սրա մասին պետք է խոսվի և լուծում գտնվի»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը: