Իրաքում ցուցարարները հրդեհել են Իրանի հյուպատոսարանը (տեսանյութ)
Իրաքում հակակառավարական ցույցերի մասնակիցները նախօրեին փակել են մայրաքաղաք Բաղդադի հիմնական ճանապարհները: Այս մասին տեղեկացնում է voanews.com կայքը:
Ցուցարարներն անվադողեր են այրել և բախումներ ունեցել ոստիկանների հետ: Ցուցարարների մեծ մասը հավաքվել է քաղաքի կենտրոնական հրապարակում:
Անցյալ գիշեր երիտասարդ ցուցարարների մի խումբ էլ շիա մահմեդականների համար սրբավայր հանդիսացող Քերբալա քաղաքում, որը գտնվում է Բաղդադից 100 կմ հարավ-արևմուտք, ներխուժել է Իրանի հյուպատոսության տարածք և հրդեհել այն: Նրանք կարգախոսներ են հնչեցրել իսլամական հանրապետության ղեկավարության դեմ, պատռել են Իրանի դրոշն ու փոխարենը տեղադրել Իրաքինը:
Ցուցարարներին չի կանգնեցրել ոստիկանների կողմից իրենց ուղղությամբ բացված կրակը, նրանք բարձրացել են հյուպատոսարանի տանիք և սկսել են քարեր ու դյուրավառ հեղուկով շշեր նետել ոստիկանների ուղղությամբ:
Անկարգությունները շարունակվում են նաև այլ քաղաքներում: Բաղդադում փակվել են կառավարական և կրթական հաստատությունները: Չի աշխատում երկրի կարևորագույն նավթային կենտրոնն Ում Քասրում: Նավթային կենտրոնը շրջափակած ցուցարարների դեմ օգտագործվել են մարտական փամփուշտներ:
Վարչապետ Ադել Աբդուլ Մահդին կոչ է արել ցուցարարներին դադարեցնել ակցիաները՝ նշելով, որ նրանք հասել են իրենց նպատակին և ցնցել են Իրաքի քաղաքական համակարգը:
Վարչապետը նշել է նաև, որ ցուցարարների դեմ ուժ կիրառելն արդարացված է, քանի որ նրանց մեջ կան քրեական տարրեր, որոնք բորբոքում են կրքերը:
Վերջին օրերին Իրաքում սպանվել է 150 ցուցարար:
Զանգվածային ցույցերն Իրաքում սկսվել են հոկտեմբերի սկզբին, ունեցել են 2 շաբաթ դադար և վերսկսվել են հոկտեմբերի 25-ին: Ակցիաները կոռուպցիայի, վատ կոմունալ ծառայությունների և գործազրկության դեմ են:









