Ցենզուրա չպետք է լինի արվեստագետների համար, չեմ հասկանում՝ ինչ ասել է պահպանողական պետություն. «Իմ քայլի» պատգամավորը՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ու «Մել» ֆիլմի մասին
Մենք չենք կարող հասարակության որևէ սեգմենտ անտարբեր թողնել, որովհետև մենք Հայաստանի Հանրապետություն ենք, ոչ թե Հայաստանի պահպանողական պետություն, սա պետք է հասկանալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող, ծանրորդ Մել (Մելինե) Դալուզյանի մասին պատմող ֆիլմի և մետրոյի՝ «Հանրապետության Հրապարակ» կայարանի տարածքում իրականացված «ՀուԶանգ ու Զանգ» միջոցառման՝ հասարակության կողմից չընդունվելուն:
««ՀուԶանգ ու Զանգ» ներկայացումը չեմ նայել, չեմ կարող ասել, թե ինչ ենթատեքստ ուներ: Բայց, օրինակ՝ Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմն առաջին հերթին վավերագրական ֆիլմ է, դոկումենտ, որը գոյություն ունի, հասարակությունը պետք է իմանա, որ նման բան գոյություն ունի: Պետությունը ռեստորան չի, որ մտնես, ասես՝ դոլմա եմ ուզում, ու ինքը տա, պետությունը հասարակությանը թեմա է առաջարկում, որը գոյություն ունի:
Մանուկյանի խոսքով՝ հասարակության ռեակցիան պետության համար խնդիր է, որը պետք է հասարակության հետ համաձայնեցնի: «Մեր խնդիրն է՝ հասկանալ, թե հասարակությունն ինչու է գոյություն ունեցող թեմային բացասական ռեակցիա տալիս»,- ասաց պատգամավորը:
Հիշելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն դիտարկումը, որ մշակույթում «ցենզուրա» չպետք է լինի, Մանուկյանի կարծիքով՝ նախարարի վերլուծությունը շատ ճիշտ է, և «ցենզուրա» ասվածը արվեստում սահմանափակումներ է բերում: Ըստ նրա՝ պատմության մեջ նմանատիպ սահմանափակումների մասով ոչ մի լավ օրինակ չկա:
«Ես չեմ տեսել ոչ մի վերլուծություն, որտեղ ասվի՝ ցենզուրան լավ բան է: Ես շատ համամիտ եմ Արայիկ Հարությունյանի հետ. ցենզուրա չպետք է լինի արվեստագետների մտքի համար: Ինքնանպատակ չի ասել, մարդկության փորձից ելնելով՝ ցենզուրան պատմության մեջ ոչ մի լավ բանի չի բերել»,- ներկայացրեց նա:
Պատգամավորը, անդրադառնալով պետության պահպանողական հայացքներին, որոնք դեմ են նման կերպ թեմաների բարձրաձայնմանը՝ դիտարկում արեց, որ չի հասկանում, թե ինչ ասել է պահպանողական պետություն, քանի որ պետությունը կոչվում է Հայաստանի Հանրապետություն և հանրության մեջ գտնվող բոլոր ճյուղերը արտահայտվելու իրավունք ունեն:
«Պահպանողական ուժ կա, որին պետք է թույլ տալ արտահայտվել: Թե՛ պահպանողականները, թե՛ ոչ պահպանողականներն արտահայտվելու իրավունք ունեն: Պետք է կողքից նայել: Մենք հանրապետություն ենք, և հանրության տարբեր ճյուղերի կարծիքների և տեսակետների նկատմամբ չափազանց զգույշ և լսող պետք է լինենք: Մենք չենք կարող հասարակության որևէ սեգմենտ անտարբեր թողնենք, կամ էլ պետք է Սահմանադրությունը փոխենք՝ գրենք ՀՀ-ն պահպանողական հանրապետություն է և պետք է պահել պահպանողականությունը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը` նոյեմբերի 2-ին, մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի հարակից տարածքում տեղի էր ունեցել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը, ինչը, սակայն ուղեկցվել էր բախումներով: Ոստիկանությունը միջամտել էր` փորձելով կանխել բախումը: Կար նաև բերման ենթարկված:









