Հրդեհների քանակն այս տարի աննախադեպ էր, 3000-ով ավելի՝ մյուս տարիներից. Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ)
Արտակ Նահապետյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից, որովհետև արդյունավետ չի աշխատել, աշխատանքի մեջ թերացել է. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Դիտարկմանը, թե ինչպես է, որ իրենք մշտապես ասել են, որ ԱԻՆ-ի լավագույն ստորաբաժանումը Փրկարար ծառայությունն է, Ցոլակյանը նշեց, որ ստորաբաժանումը շարունակում է լավը մնալ, իսկ ղեկավարը թերացել է:
«Մի քանի պատճառ է եղել, ամռան հրդեհների ժամանակ թերացել է այնտեղ, և հիմնական պատճառներից մեկն այն է, որ լուրջ հրդեհների ժամանակ տեղում չի եղել, ՀՀ-ում չի եղել, այլ բաներ էլ են եղել, չեմ կարող ասել ինչ պատճառով, ինչ խոսակցություններ են եղել մեր մեջ»,-ասաց նա:
Ցոլակյանը, անդրադառնալով հրդեհների թվի ավելացմանը, նշեց, որ վերջին շրջանում արդեն գրեթե հրդեհ չկա:
«Իսկապես հրդեհներն իրենց քանակով այս տարի աննախադեպ էին, 3000 հրդեհ ավելին ենք ունեցել սովորական տարվանից»,-ասաց նա և նշեց, որ պետք է պատրաստվեն եկող տարվա հրդեհներին, և իրենք պետք է տեխնիկական վերազինման խնդիրներ լուծեն:
«Այս տարի արդեն բավական տեխնիկական հարցեր կարողացանք լուծել, մոտ 260 մլն-ի ձեռքի գործիքներ առանք, որոնք չունեինք, շատ օգտակար են դրանք, անտառային, խոտածածկ հրդեհները հանգցնելու համար: Հիմա սպասում ենք նոր խմբաքանակի՝ ճապոնական 22 և ռուսական 26 մեքենայի մասին է խոսքը: Եթե դրանք չուշանան՝ մենք բավական ապահոված կլինենք»,-ասաց նա:
Իսկ թե ԱԻՆ-ն ի վերջո ուղղաթիռ կունենա, նշեց, որ այո, բայց այլ ձևով են դա կազմակերպում, որպեսզի ծախսը քիչ լինի:
«Մենք ծախս չունենք այստեղ, ուզում ենք լուծել ՊՆ-ի հետ համատեղ, նոր ուղղաթիռների մասին է խոսքը: ԱԻՆ-ի առանձին ուղղաթիռ ունենալը ֆինանսական տեսակետից ձեռնտու չէ, բայց իրենք որ անեն, ձեռնտու կդառնա»,-ասաց նա:









