Դատախազությունը ֆիքսել է Արարատ Միրզոյանի՝ առանց փոխվարչապետի պաշտոնից ազատվելու ԱԺ պատգամավորի մանդատ ստանալու և ԱԺ նախագահ ընտրվելու մասին հրապարակումը. Գոռ Աբրահամյան

17:18 • 04.11.19

Մենք հրապարակումը տեսել ենք, դրանով պայմանավորված հետագա ընթացքների մասին կտեղեկացնենք: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք դատախազությունը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունել է «Փաստինֆո»-ի հրապարակումը, ըստ որի` Արարատ Միրզոյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելու հրամանագիր չի եղել, և նա ԱԺ պատգամավորի մանդատ է ստացել, ընտրվել ԱԺ նախագահ՝ լինելով ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար:

Գոռ Աբրահամյանը նշեց, որ նախնական գնահատական չի կարող տալ: «Հրապարակումը ֆիքսել ենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հրապարակումն ուսումնասիրվում է Դատախազությունում: 

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ն գրել էր, որ ՀՀ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորի մանդատ է ստացել, ապա նաև ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ՝ առանց ազատվելու ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։ Նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առկա չէ որևէ փաստաթուղթ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից։ «ՀՀ նախագահն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին առաջին փոխվարչապետի պաշտոնից ազատելու վերաբերյալ կառավարությունից առաջարկություն չի ստացել, հետևաբար չի ընդունվել նախագահի համապատասխան հրամանագիրը»,- նշված է ՀՀ նախագահի աշխատակազմից ստացված պատասխանում։