Պետք է սահմանափակել ավտոկայանատեղիների քանակը և բարձրացնել տուրքը. փոխվարչապետի խորհրդականը՝ տրանսպորտային համակարգի խնդիրների լուծման մասին

10:34 • 09.11.19

Քաղաքապետարանի հետ զուգահեռ և միասին հիմա մշակում ենք խոշորածավալ 150 մլն դոլարանոց փաթեթ, որը պետք է բարելավի ամբողջ տրանսպորտային համակարգը: Այս մասին Հանրային հեռուստաընկերությամբ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի  խորհրդական Ավետիք էլոյանը՝ անդրադառնալով տրանսպորտային համակարգի խնդիրներին:

«Խոսքը սկզբունքորեն նոր մոտեցումների մասին է. խոսքը տրանսպորտի քանակի ավելացման մասին է, որի հաշվին ի վիճակի կլինենք նվազեցնել «մարշուտկաների» թիվը: Այսինքն՝ լինելու է փաթեթ, և խոսքը միայն հանրային տրանսպորտի մասին չէ, այլ ընդհանուր դաշտի բարելավման: Այս փաթեթի սահմանում կլինեն նաև օրենսդրական փոփոխություններ, և գուցե լավ նորություն չէ, բայց պետք է ավտոկայանատեղիի գինը բարձրանա, այլապես մենք շարունակելու ենք նույն ճանապարհով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ ավտոկայանատեղիի տուրքի բարձրացումը հարցի լուծում է, նա պատասխանեց, որ ոչ մի առանձին միջոցառում լուծում չէ: Ըստ Էլոյանի՝ վտանգավոր տենդենց է, երբ խոսվում է  ավոտկայանատեղիների ավելացման մասին: «Լուծումն այն է, որ պետք է սահմանափակվի ավտոկայանատեղիների քանակը: Մենք հիմա չենք բռնում «պարկինգները» փակում ու ասում՝ մի քշեք մեքենա: Հանրային տրանսպորտը պետք է բարելավել, որ մարդը նախընտրի տրանսպորտով գալ կենտրոն, և սահմանափակել «պարկինգների» թիվը»,- ասաց նա:

Tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, անդրադառնալով Էլոյանի հայտարարությանը և հարցին, թե ինչու այս հայտարարությունն արեց հենց փոխվարչապետի խորհրդականը, ասաց.

«Այդ մասին չգիտեմ, թե ինչու է Ավետիք Էլոյանը հայտարարում, հավանաբար, նրա համար, որ պարոն Էլոյանը մասնագիտությամբ ճարտարագետ և քաղաքաշինարար է և փոխվարչապետի՝ այդ ոլորտը համակարգող խորհրդականն է»:

Կարապետյանը նշեց, որ, եթե խնդիրը քաղաքի գերբեռնվածության և տրանսպորտային կոմունիկացիաների խնդիրը լուծելն է, կա այդ մոդելը: «Սա որոշում չէ, այն էլ՝ վերջնական, բայց կա այդպիսի մոդել, որի մասին խոսել է պարոն Էլոյանը. որպեսզի բեռնաթափվի քաղաքը, ոչ թե պետք է ստեղծել շատ կայանատեղեր, այլ պետք է հնարավորինս միջոցներ ձեռնարկել, որ քաղաքի կենտրոն ավելի քիչ մեքենա մտնի»,- ասաց նա և հավելեց, որ դա կայանատեղերի արգելքն է, կայանատեղերի վճարների բարձրացումն է և այլն:

«Բայց այստեղ կա մի երկաթե պայման՝ քաղաքը պետք է ունենա որակյալ հանրային տրանսպորտային համակարգ, այդ ուղղությամբ ենք մենք հիմա գնում և դա միայն հնարավոր կլինի այն դեպքում, երբ նաև ավտոկայանման կարգը վերանայվի»,- ասաց նա: