Վարչապետի` դատարաններն արգելափակելու ակցիայի նպատակը դատավորներին ճնշված պահելն էր, դատախազն իր անգործությամբ ևս նպաստել է այդ ճնշմանը. Հ. Ալումյանը միացավ դատախազ Պետրոսյանի բացարկի միջնորդությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միացավ գործընկերոջ` Հովհաննես Խուդոյանի` դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդությանը: Փաստաբանը նշեց, որ եղած հիմքերին ևս մեկ հիմք է ավելացնում:
«Գործի նյութերից հայտնի է, որ ս/թ մայիսի 18-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի, որոշում կայացրեց պարոն Քոչարյանին ազատ արձակելու մասին: Այդ որոշումից 2 օր անց ՀՀ վարչապետի կոչով ՀՀ` առանց բացառության բոլոր դատարաններն արգելափակվեցին: Ընդ որում, այդ գործողություններին մասնակցեցին նաև մի շարք ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԱԺ պատգամավորներ: ՀՀ առանց բացառության բոլոր դատարանների աշխատանքը խաթարվեց մինչև նույն օրվա ժամը 14:00-ը»,-ասաց Ալումյանը` նշելով, որ սա ոչ այլ բան է, քան քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն, և քրեական դատավարության օրենսգրքի 175 հոդվածի համաձայն` քրեական գործ հարուցելու սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի և առիթների առկայության դեպքում դատախազը, նաև քննիչ հետաքննության մարմինը իրենց իրավասության շրջանակներում պարտավոր են քրեական գործ հարուցել:
«Տվյալ դեպքում, այդ փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պարտականությունը և իրավասությունը կրում էր այդ թվում նաև դատախազ Պետրոսյանը, որովհետև նախ` նա դատավարական հսկողություն էր իրականացնում սույն քրեական գործի նկատմամբ, իսկ գործի նյութերից պարզորոշ երևում էր, որ արգելափակվել են դատարանները հենց այս քրեական գործի վրա ազդելու նպատակով` այս քրեական գործի ընթացքը փոխելու, այս քրեկան գործով պարոն Քոչրայանին ապագայում կալանավորելու, դատարաններին սարսափի մեջ պահելու նպատակով»,-նշեց Ալումյանը:
Նա ավելացրեց, որ միջորդության ներկայացումը պայմանավորված չէ Պետրոս Պետրոսյանի անձով, վերջինիս վարչության ցանկացած դատախազ, որ կգտնվի այստեղ, իրեն նույն հիմքով նրան բացարկ կհայտնի: «Թող չթվա, թե ես կենտրոնացած եմ հատկապես պարոն Պետրոսյանի անձի վրա»,-ասաց փաստաբանը:
Փաստաբանն ընդգծեց` նաև դատախազ Պետրոսյանի անգործության հետևանքով է, որ հնարավոր դարձավ գործի ընթացքը շեղել օրինական ճանապարհից: «Դատախազ Պետրոսյանն ու իրենց վարչության դատախազներն անգործությամբ նպաստեցին, որ հետագայում դատարաններն այս գործով իրենց զգան ճնշված վիճակում, որպեսզի դատարանները հետագայում որևէ անգամ համարձակություն չունենան պարոն Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու»,-ասաց Ալումյանը:
Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա նաև մեղադրվում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար:









