Այգեստան գյուղի բնակիչները բողոքում են. ջրամբարի ջուրն արդեն 5 օր է՝ թափվում է Թուրքիա, սակայն գյուղի բնակիչներին չի հասնում (տեսանյութ)

18:45 • 12.11.19

Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչները հայտնում են իրենց դժգոհությունն առ այն, որ իրենց թույլ չեն տալիս օգտվել գյուղով անցնող Ազատ գետի ջրամբարից՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ գումարը չեն մուծել: Բնակիչները նշում են՝ ջուրն արդեն 5 օր է, ինչ թափվում է Թուրքիա:  

Tert.am-ի հետ զրույցում Այգեստան գյուղի համայնքապետ Սոկրատ Հովսեփյանը ներկայացրեց, որ այժմ գյուղում ջրի կարիք շատ կա, սակայն բնակիչներին ասում են՝ հայտերը չեք ներկայացրել: «Ժողովուրդն ասում է՝ հայտը ներկայացրել ենք, բայց 200 կուբամետրից պակաս հայտի դեպքում ջուրը չի գալիս, ու կորուստ է լինում»,- ասաց համայնքապետը և հավելեց, որ ջրամբարը կարող է մինչև Վեդի սպասարկել:

Գյուղի բնակիչներից մեկը նշեց, որ դիմել են ջրմուղ, խնդրել՝ գումարը ուշ տալ, սակայն ջուրը չեն ստացել, և գարին չորացել է: Բնակչի նկարագրմամբ՝ հողը ցեմենտի է նմանվել. «Տնկի եմ ուզում դնել, բայց ջուր չկա: Ջուրը գնում է Թուրքիա. մեզ ջուր չեն տալիս, կտրել են»:

Գյուղապետը նշեց՝ գյուղում ջրի պահանջ շատ կա. «Գյուղում ջրի պահանջ կա: Ասում են՝ ավելի լավ է գնա թափվի Թուրքիա, քան ձեզ ձրի ջուր տանք: Այս ջուրը ինչո՞ւ է գնում Թուրքիա: Տղաները հաշվել են, որ 4 օրում 25 մլն դրամի ջուր է գնում, մեր գյուղի տարեկան հասույթը 15 մլն դրամ է կազմում: Ո՞վ է այս երկրի տերը: Ասում եք՝ փոխվել է, ի՞նչն է փոխվել»,- ասաց գյուղապետը:

«Պարոն ղեկավարություն, պարոն ջրային պետական կոմիտեի նախագահ, ո՞վ ես դու, ինչո՞ւ է մեր ջուրը թափվում Թուրքիա, ինչո՞ւ մեր ժողովրդին չեք տալիս»,- նշեց Հովսեփյանը և հավելեց, որ, ըստ Ջրմուղի պետի, գյուղացին պետք է վճարի, որպեսզի ջուրը ստանա, սակայն գյուղացին հիմա գումար չունի, բայց այդ դեպքում ևս արդարացի չէ ջրի՝ Թուրքիա թափվելը:

Մանրամասները՝ տեսանյութում: