Կրթության և գիտության ոլորտում շատ խնդիրներ կան, բայց կացինն առաջին հերթին իջավ հայագիտական առարկաների վրա. այսպիսի բան խորհրդային կարգերի ժամանակ էլ չի եղել. քննարկում
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը, պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը և ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին անդրադարձան հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծին, ինչպես նաև դրանում տեղ գտած այլ դրույթներին:
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանն այսօր մամուլի ասուլիսին, անդրադառնալով հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծին, ասաց, որ շատ անհասկանալի է համարում, որ նախարարը, ստանալով ակադեմիայից և բուհական համակարգից բացասական կարծիքներ, հայտարարում է զիջումների չգնալու մասին: «Մենք որոշեցինք հանրայնացնել, և բաց նամակով դիմեցինք վարչապետին, ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին: Պահանջը հիմնականում մեկն է՝ հետ կանչել նախագիծը»,-ասաց նա:
Նա նկատեց, որ նախագծում ԳԱԱ-ն արհամարհված է, իսկ բուհական կառավարման մասին դրույթով նախարարը, ըստ էության, հանրային բուհերի 12 հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհրդի անդամներից նշանակում է վեցին, իսկ բուհը՝ ընդամենը չորսին: «Դրանով կանխորոշվում է ռեկտորի նշանակումը, իսկ ռեկտորին տրված է իրավունք նշանակել բոլոր դեկաններին. այսպիսի բան խորհրդային կարգերի ժամանակ էլ չի եղել: Սա նշանակում է բուհերը դնել նախարարությունից դիկտատորական կառավարման տակ, որը տրամաբանական կառավարման սկզբունքի մեջ չի տեղավորվում»,-ասաց նա:
ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանն ընթերցեց հայտարարություն՝ ընդունված ԵՊՀ բանասիրության և հայոց պատմության ամբիոնների կողմից: «Այս հայտարարությունը որևէ քաղաքական շարժառիթ, նպատակ չի հետապնդում և եթե կա քաղաքականություն, ապա խոսքը միայն կրթական քաղաքականության մասին է»,-ասաց նա: Նա նշեց, որ պատրաստ են քննարկման, միայն թե հորդորում են, որ դրան մասնակցի նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ այս օրինագծով ԳԱԱ-ն փաստորեն վերանում է, նախարարի մակարդակով ասվեց, որ իրենց նպատակը գիտությունը բուհեր տեղափոխելն է: «Զարմանալին այն է, որ կրթության և գիտության ոլորտում շատ խնդիրներ կան, բայց կացինն առաջին հերթին իջավ հայագիտական առարկաների վրա»,-ասաց նա և նշեց, որ պետք չէ ծառի չորացած ճյուղը կտրելու փոխարեն ամբողջ ծառի արմատը կտրել:
Աշոտ Մելքոնյանն ասաց, որ այստեղ գալուց առաջ կատակում էին` հիմա սև ենք լինելու, թե սպիտակ: «Եթե մեր ձայնը լսելի չեղավ, եթե պարտադրանքով նախագիծը կյանքի կոչվեց, ես կմտածեմ, որ ծրագիր է»,-ասաց նա:
ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը նշեց, որ իրենք ևս միանում են հնչող պահանջին, որ չպետք է այդ առարկաները հանվեն: «Օրենքի հեղինակները նշում են, որ այդ առարկաները խանգարում են և որ նոր կրթական համակարգը միտված է տեխնոլոգիական, արդի, տնտեսությանը և շուկայի պահանջմունքներին համապատասխան մասնագետների պատրաստմանը: Հիմա ուզում եմ հարց տալ. վերջին տարիներին, եթե մեզ չի հաջողվել թռիչքաձև տնտեսական զարգացում ունենալ, եթե չի հաջողվել Հայաստանը դարձնել սիլիկոնային հովիտ, ապա հայոց պատմությունը և հայոց լեզուն ե՞ն խանգարում: Այսինքն, եթե այս երկու առարկաները հանենք, տնտեսական հեղափոխությո՞ւն է լինելու»,-ասաց նա:
Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն անթույլատրելի համարեց այս վիճակը: «Մենք հարվածի տակ ենք դնում գիտության բոլոր բնագավառները: Եթե մենք հայոց լեզու չդասավանդենք, վաղը սկսած քաղաքական գործիչներից մինչև նեղ մասնագետներ չեն կարողանալու իրենց մտքերը հայերենով արտահատել և գրել: Առանց պատմության իմացության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի կարող լինել»,-ասաց նա և նշեց, որ դա ամենամեծ խթանն է լինելու արտագաղթի համար:
Բանախոսները նշեցին, որ ամեն դեպքում հույս ունեն, որ նախագիծը չի ընդունվի:









