Քաթարի էմիրը ենթականերին կոչ է արել անձրևների համար միասնական աղոթք անել
Քաթարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին կոչ է արել իր ենթականերին հինգշաբթի առավոտյան միասնական աղոթք անել անձրևների համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Չնայած հոկտեմբերից առատ անձրևների մասին հնչող կանխատեսումներին` էմիրությունում ապրիլից մինչև այժմ լիարժեք տեղումներ չեն գրանցվել: Անցած շաբաթվա ընթացքում թույլ անձրև է տեղացել Քաթարի առանձին շրջաններում, իսկ անցած կիրակի մայրաքաղաք Դոհայում տեղումները հինգ րոպեից ավելի չեն տևել:
Գործակալության տեղեկություններով` էմիրը նույնպես երկրի գլխավոր մզկիթներից մեկում այլ հավատացյալների հետ կմասնակցի միասնական աղոթքին:
Արաբական միապետությունների ղեկավարները հաճախ են առերեսվում այս խնդրին, երբ երկրում շատ քիչ են անձրևներ լինում, ուստի ղեկավարները հաճախ են ժողովրդին միասնական աղոթք բարձրացնելու կոչեր անում:
Քաթարն աշխարհում ամենաչոր երկրներից է համարվում, որտեղ տարվա կտրվածքով ամենաշատը 80 միլիմետր անձրև է տեղում, համեմատության համար նշենք, որ Մոսկվայում ամեն տարի միջինը 10 անգամ ավելի շատ անձրև է տեղում:
Անցած տարին էմիրության համար սովորականից անձրևաշատ էր, տեղատարափ անձրևները սկսվել էին հոկտեմբերից, ինչի պատճառով շատ փողոցներ հեղեղվել էին:









