ԱՄՆ-ի արևելյան հատվածում ռեկորդային սառնամանիքներ են. չեղարկվել են հազարից ավելի չվերթներ (տեսանյութ, լուսանկար)
Սիբիրյան սառը օդային զանգվածներն ԱՄՆ-ի արևելյան հատված են բերել ռեկորդային սառնամանիքներ և ձյան առատ տեղումներ: Ինչպես հաղորդում է CBS հեռուստաընկերության պաշտոնական կայքը, ջերմաստիճանը Չիկագոյում նվազել է մինչև -13 աստիճան, ինչը գերազանցել է 1986 թ. սահմանած ռեկորդը: Իսկ ահա Նյու Յորքում գերազանցվել է 77 տարի առաջ գրանցված ձյան շերտի բարձրության ռեկորդը:
ԱՄՆ-ի արևելյան մասում ջերմաստիճանի անսպասելի անկման պատճառով փակվել են մի շարք դպրոցներ և կազմակերպություններ: Օդանավակայաններում չեղարկվել են հազարից ավելի չվերթներ:
Սառած ճանապարհներին երթևեկելու պատճառով վերջին մի քանի օրերի ընթաքում առնվազն 5 մարդ է մահացել, այդ թվում նաև` Կանզասից 8-ամյա մի աղջիկ:
Ազգային օդերևութաբանական ծառայության օդերևութաբան Քևին Բիրքի խոսքով` նման օդային զանգվածներն ավելի բնորոշ են հունվարի կեսերի, քան նոյեմբերի համար:
«Թերևս սա ջերմաչափի ամենացածր կետն է, որին երբևէ հասել ենք»,- ասել է նա:











