«Բելառուսում մահապատիժը կարող է վերացվել միայն հանրաքվեի միջոցով». Լուկաշենկո

11:05 • 13.11.19

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վիեննայում Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենի հետ բանակցությունների արդյունքում երեկ հայտարարել է, որ Բելառուսում մահապատժի լինել-չլինելու հարցը կարող է որոշվել միայն հանրաքվեի արդյունքում: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը:

Բելառուսի նախագահի խոսքով` մահապատժի հարցն իրենց երկրում սկզբից էլ որոշվել է հանրաքվեի միջոցով:

«Մեր սահմանադրության համաձայն՝ մահապատիժը կարող է վերացվել միայն հանրաքվեի միջոցով»,- տեղեկացրել է Լուկաշենկոն:

«Եվրոպական միությունն արդեն մեզնից պահանջում է մահապատժի վերացում: Մենք չենք կարող դրան անտարբեր վերաբերվել: Մենք բավականին հաճախ ենք կազմակերպում հարցումներ մահապատժի վերաբերյալ: Ոչինչ չի փոխվել այն պահից, ինչ հարցը որոշվել է հանրաքվեի միջոցով»,-ավելացրել է Բելառուսի առաջնորդը:

Լուկաշենկոն նշել է նաև, որ ստեղծվել է ծրագիր՝ բելառուս հասարակության հետ մահապատժի հարցը քննարկելու համար: Բելառուսի նախագահի համոզմամբ՝ շտապողականությունն այս հարցում կարող է վնաս հասցնել: