Բոլիվիայում Մորալեսի հրաժարականից հետո տեղի ունեցած ցույցերի ժամանակ նվազագույնը 2 մարդ է մահացել
Առնվազն երկու մարդ է մահացել Բոլիվիայի Լա Պաս քաղաքում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ, որոնք սկսվել են արդեն նախկին նախագահ Էվո Մորալեսի հրաժարականից հետո: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով Razon-ին:
Խոսքը Բելտրան Արունի և Պերսի Կոնդեի մասին է, որոնց մարմինները գտել են քաղաքի հարավային մասում` հրազենային վնասվածքներով:
«Մենք չգիտենք, թե ով է նրանց սպանել` ոստիկանությո՞ւնը, թե՞ ցույցերի մասնակիցները: Ուզում ենք, որպեսզի արդար հետաքննություն ընթանա»,- ասել է Կոնդեի քույրը:
Հիշեցնենք, որ Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության լինելուց հետո՝ բողոքի ակցիաների ճնշման տակ, նոյեմբերի 10-ին հրաժարական էր տվել: Դիտորդները բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերել հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն Մորալեսը հայտարարել էր, որ ինքը հեղաշրջման զոհ է դարձել:
Նշվում է, որ Մեքսիկայի իշխանությունները քաղաքական ապաստան են տրամադրել Մորալեսին, որն էլ արդեն մեկնել է տվյալ երկիր:









