Չինացին 20 տարի ապրել է քթի մեջ ներաճած ատամով (լուսանկարներ, տեսանյութ)
Չինական Հարբին քաղաքի 30-ամյա բնակիչը 20 տարի ապրել է քթի մեջ ներաճած ատամով՝ չենթադրելով այդ մասին, գրում է Daily Mail-ը:
Տղամարդը բժիշկներին է դիմել նոյեմբերի սկզբին: Նա գանգատվել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում քիթը խցանվել է, ինչի հետևանքով շնչառության հետ կապված խնդիրներ ու քնի խանգարում ունի: Բժիշկները ռենտգենասկոպիա են անցկացրել և տղամարդու քթի խոռոչում կասկածելի գոյացություն հայտնաբերել: Պարզվել է՝ դա սովորական ատամ է:
Պարզվել է՝ 1999 թվականին՝ 10 տարեկան հասակում, նա ընկել է առևտրի կենտրոնի երրորդ հարկից և կորցրել երկու ատամ: Ատամներից մեկը հայտնվել է քթի խոռոչում և մնացել այնտեղ՝ ներաճելով հյուսվածքների մեջ:
Վիրաբույժները կեսժամյա վիրահատություն են անցկացրել և տղամարդու քթից հեռացրել մեկսանտիմետրանոց ատամը: Այժմ նրա ինքնազգացողությունը բարելավվել է:












