Վենետիկում հորդառատ անձրևների հետևանքով բարձրացել է ջրի մակարդակը (լուսանկարներ)

05:31 • 13.11.19

Վենետիկում ջրի մակարդակը հասել է մինչև 187 սմ, քաղաքի 80 տոկոսը հեղեղված է ջրով: Քաղաքային իշխանությունը պատրաստ է արտակարգ դրություն հայտարարել: Այս մասին հայտնում է ANSA-ն: 

Նշվում է, որ Սուրբ Մարկի հրապարակն ամբողջովին ողողված է ջրով, այնտեղ ջրի մակարդակը մեկ մետրից ավելին է: Նաև հեղեղվել է և համանուն տաճարը:  

Ջրի ավելի բարձր մակարդակ` 190 սմ, գրանցվել է միայն 1966 թվականին: Այդ ժամանակ ջրհեղեղ էր առաջացել ոչ միայն Վենետիկում, այլև իտալական մի շարք քաղաքներում, այդ թվում` Ֆլորենսիայում: Միևնույն ժամանակ` կրիտիկական է համարվում 130 սմ-ը:

Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն հայտարարել է, որ քաղաքն իսկական աղետ է ապրում: Բնակիչներին խորհուրդ է տրվում փողոցներ դուրս չգալ: Վենետիկում «ջրի բարձրացման ֆենոմեն» է համարվում ծովի մակարդակի բարձրացումը, ինչը, սովորաբար, տեղի է ունենում աշնանը և գարնանը և կախված է լուսնային ցիկլերից և մակընթացությունից:

Ջրի մակարդակը բարձրանում է նաև անձրևների պատճառով, ինչպես այս դեպքում: Ջրհեղեղի առաջացմանը նպաստում է նաև ծովային քամին: