Ամբոխը երբեք չի կարող պետություն կառուցել, քանի որ իշխանության է բերում իր  արտացոլանքին՝ անբան ու անպետք մեկին. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

12:34 • 15.11.19

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի այսօրվա համաժողովին անդրադառնալով Հայաստանի տնտեսական վիճակին, ասաց, որ ամբոխը երբեք չի կարող պետություն կառուցել, քանի որ իշխանության է բերում իր  արտացոլանքին՝ անբան ու անպետք մեկին:

«Մենք ապրում ենք քաղաքական և տնտեսական ականապատ դաշտում: Այդ ականները պարբերաբար պայթում են՝ մեծ ու փոքր ցնցումներ առաջացնելով: Մեզանում մի շարք ճգնաժամեր են առկա՝ սեփականության լեգիտիմության ճգնաժամ, քաղաքական լեգիտիմության ճգնաժամ, մասնակցային ճգնաժամ և կոմպետենտության ճգնաժամ»,- ներկայացրեց նա։

Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ այս ճգնաժամերը կապված են քաղաքականության հետ, և դրա արդյունքում է, որ քաղաքական պայքարը չի կարող տեղավորվել քաղաքակիրթ խաղի շրջանակներում: Ըստ նրա՝ տնտեսական և քաղաքական խաղից օտարվածություն կա, որը քաղաքացուն զրկում է հանրային ու պետական կյանքին մասնակցելու հնարավորությունից, որից ևս այլ ճգնաժամեր են առաջանում: