Իսրայելի գլխավոր դատախազը մեղադրանք կառաջադրի Նեթանյահուի նկատմամբ՝ կոռուպցիայի համար
Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը հայտնել է, որ մտադիր է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ կոռուպցիայի հետ կապված 3 քրեական գործ հարուցել: Այս մասին տեղեկացնում է vedomosti.ru կայքը:
Մանդելբլիտը նշել է, որ այդ որոշումն իրեն շատ ծանր է տրվել, նա այն կայացրել է «ծանր սրտով, բայց առանց տատանվելու»:
Գլխավոր դատախազը խոստացել է մեղադրել Նեթանյահուին մեքենայությունների, կաշառակերության և վստահության չարաշահման համար: Սա առաջին դեպքը կլինի Իսրայելի պատմության մեջ, երբ կառավարության գործող ղեկավարը քրեական հետապնդման կենթարկվի:
Նեթանյահուի նկատմամբ ամենալուրջ մեղադրանքները կապված են «Գործ 4000»-ի հետ: Քննության վարկածի համաձայն՝ Իսրայելի վարչապետը հովանավորել է «Բեզեք» հեռահաղորդակցային ընկերության արժեթղթերի հսկիչ փաթեթը տնօրինող Շաուլ Ելովիչին, որն էլ իր ենթակայության տակ գտնվող կայքերից մեկում գովազդել է վարչապետին:
Նեթանյահուին մեղադրում են նաև ծառայությունների դիմաց նվերներ վերցնելու, ինչպես նաև տեղի թերթերից մեկի սեփականատիրոջ հետ մրցակից թերթին վնասելու համար պայմանավորվածությունների մեջ մտնելու համար:
Կնեսետի ձախակողմյան թևի մի քանի պատգամավորներ կոչ են արել Նեթանյահուին հրաժարական ներկայացնել, բայց վարչապետը մտադիր չէ մեղադրանքների պատճառով հեռանալ պաշտոնից: Իր նկատմամբ քրեական հետապնդումը Նեթանյահուն որակել է որպես «կախարդների որս»՝ ընդդիմության և լրագրողների կողմից:
Հոկտեմբերին Երուսաղեմում լսումների ժամանակ Նեթանյահուի փաստաբանները փորձել էին ապացուցել, որ իրենց պաշտպանյալը ոչ մի կապ չունի հանցագործությունների հետ:










