Թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են ամերիկյան F-16 կործանիչների դեմ ռուսական С-400 համալիրների փորձարկման տեսանյութը
Թուրքիայում սկսվել են ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների փորձարկումները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ ներկայացնելով փորձարկումները պատկերող տեսանյութը, որը հրապարակել է թուրքական գործակալությունը:
Հրապարակված կադրերում երևում են Անկարայի երկնքում ոչ մեծ բարձրությամբ թռիչքներ կատարող F-16 Fighting Falcon ամերիկյան կործանիչները: Այդ պահին էլ ռուսական ՀՕՊ համակարգերը վերահսկում են օդային տարածքը:
Նշվում է, որ փորձարկումներն իրականացվել են նոյեմբերի 25-ին և 26-ին: Աղբյուրը հիշեցնում է, որ С-400 համալիրների մատակարարումն Անկարային, որը լարվածություն է առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել էր հուլիսին: Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ С-400 համալիրներն ամբողջությամբ շահագործման կհանձնվեն 2020-ի ապրիլին:










