Apple-ի գլխավոր դիզայները լքել է ընկերությունը. The Verge
Ամերիկյան Apple ընկերության գլխավոր դիզայներ Ջոնաթան Այվը պաշտոնապես լքել է ընկերությունը։ Այս մասին նոյեմբերի 28-ին հայտնել է The Verge-ը։
Նշվում է, որ 52-ամյա Այվի կենսագրությունն «անհետացել» է Apple ընկերության պաշտոնական կայքից, որտեղ ընկերության ղեկավարության մասին տեղեկատվություն կա։
Այվն Apple-ի թիմին միացել է 1992 թվականին և 4 տարի անց դարձել ընկերության գլխավոր դիզայները։ Հենց Այվն է եղել iPhone-ի, iPod-ի և Mac-ի դիզայնի հեղինակը։
Այվի՝ ընկերությունը լքելու և LoveFrom սեփական դիզայներական ընկերությունում աշխատելու որոշման վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել է 2019 թվականի ամռանը։ Այնուամենայնիվ, Այվի՝ Apple-ը լքելու հստակ ամսաթիվն անհայտ էր մնում։
Այդ ժամանակ դիզայները հույս էր հայտնել, որ դեռ երկար տարիներ ներգրավված կլինի Apple-ի գործունեության մեջ՝ չնայած աշխատանքը լքելու հանգամանքին։










