Հոնկոնգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ ցույցի ընթացքում այրել են Թրամփի մեծ ստվարաթղթե «գլուխը» (լուսանկար)

13:40 • 03.12.19

Հոնկոնգում երեքշաբթի մի քանի տասնյակ պեկինամետ ցուցարարներ հավաքվել են ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «Հոկոնգում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության մասին» օրենքի ստորագրման դեմ բողոքի: Ցուցարարները ոտնատակ են տվել ամերիկյան դրոշը և այրել Թրամփի մեծ ստվարաթղթե «գլուխը»` պահանջելով նրա հրաժարականը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով RTHK հեռարձակող կորպորացիային:

Ցուցարարներն օրվա առաջին կեսին հավաքվել են Չաթեր-Գարդեն այգում, որտեղ սկզբում երգել են Չինաստանի ազգային օրհներգը և ապա շարժվել ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի ուղղությամբ: Տվյալ օրենքը ստորագրելու ԱՄՆ նախագահի որոշման դեմ իրենց դժգոհությունն ու բարկությունն արտահայտելու համար ցուցարարները ծածանել են ՉԺՀ-ի դրոշները, միաժամանակ ոտնատակ տվել ամերիկյան դրոշը, վանկարկումներ հնչեցրել՝ Վաշինգտոնին մեղադրելով Չինաստանի ներքին գործերին միջամտելու համար:

Տեղեկությունների համաձայն` ցույցի մասնակիցներից մեկը հեռախոսով հարվածել է պաստառին, որի վրա պատկերված է եղել ամերիկացի առաջնորդը, մեկ այլ ցուցարար պաստառ է բերել, որի վրայի նկարում ԱՄՆ նախագահի գլուխն ամրացված է եղել սատանայի մարմնին: 

Բողոքի մասնակիցների մոտ է դուրս եկել դիվանագիտական առաքելության մի ներկայացուցիչ, որին էլ հանձնվել է Թրամփի հրաժարականը պահանջող միջնորդագիրը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հոնկոնգին վերաբերող երկու օրենք էր ստորագրել, որոնք վերաբերում էին «Հոնկոնգում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությանը», ինչպես նաև հատուկ վարչական շրջան ոստիկանական համազգեստի և որոշակի սարքավորումների մատակարարման արգելքին:

Փաստաթղթերը փոփոխություններ են մտցնում ԱՄՆ-ի` Հոնկոնգի նկատմամբ 1992 թ.-ից կիրառվող քաղաքականության մեջ և ենթադրում են Հոնկոնգի հետ առևտրային հարաբերությունների ամենամյա վերանայում՝ կախված դրա ինքնավարության աստիճանից, ինչպես նաև, Վաշինգտոնի կարծիքով, վարչական շրջանում մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատուների նկատմամբ կիրառվող  պատժամիջոցներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը` այս առնչությամբ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան Human Rights Watch, NDI և Freedom House կազմակերպությունների նկատմամբ և կասեցրել է ամերիկյան նավերի՝ Հոնկոնգ մտնելու հարցումների դիտարկումը:

Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:

 

Картинки по запросу burning trumps head