Ինչո՞ւ է եկամտահարկի 6 տոկոսն ընտրվել առողջության ապահովագրման համար, այդքա՞ն են որոշել, որ փոխանցենք` դեֆիցիտը ուղղելու համար․ բժիշկը՝ առողջության համապարփակ ապահովագրման հարկի մասին
Առողջության ապահովագրությունը շատ ճիշտ և օգտակար երևույթ է, սակայն այս նախագծի հետ կապված մի քանի տարակուսանքներ կան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռողջապահության կազմակերպիչ,բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարարի առողջության համապարփակ ապահովագրության նախագծին, ըստ որի, ապահովագրմանը պետք է տրամադրվի եկամտահարկի 6 տոկոսը։
«Չկա որևէ ներկայացված հաշվարկ, թե առողջապահության նախարարությունը եզրահանգել է այն փաստին, որ մեկ անձի համար բավարար է 77 հազար դրամը։ Ի՞նչպես են հաշվել, սուրճի բաժակ ե՞ն նայել, թե՞ նախարարը երազում է տեսել ու որոշել, որ լավ թիվ է»,- դիտարկեց բժիշկը։
Նրա համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է եկամտահարկի 6 տոկոսն ընտրվել ապահովագրման համար։ «Այդքա՞ն են որոշել, որ մենք փոխանցենք՝ դեֆիցիտը ուղղելու համար։ Եթե պետությունը չունի ռեսուրս՝ ապահովագրելու համար, թող չապահովագրի, պետությունը ավելի քիչ գումար է տրամադրելու ապահովագրմանը, քան՝ հարկատուները»,- ասաց նա։
Գրիգորյանը նշեց նաև, որ նախագծի համակարգն անհասկանալի է, քանի որ ճիշտ չէ օրինապահ քաղաքացու՝ 6 տոկոս վճարման հետ զուգահեռ արտերկրում աշխատող և ավելի շատ վարձատրվողը չվճարի ոչ մի տոկոս։ Նա նշեց, որ չի կարելի մեկից շատ փող վերցնել, իսկ մյուսից՝ չվերցնել։
«Հարկերի համահարթեցում արեցին, վարչապետը հայտարարեց, որ հարկերը չեն աճելու, հիմա ինչի՞ է հարկ ավելանում։ Պարզապես թող եկամտահարկերը չպակասացնեին և պոպուլիստական հայտարարություններ չանեին։ Պետք էր պարզապես ճիշտ հաշվարկ անել և առողջության ապահովագրման համար գումար տրամադրել»,- ասաց նա։
«Սա նշանակում է, որ այս առաջարկված նախագիծը ոչ մի ապագա չունի և չի կարող ունենալ։ Ես կողմ եմ առողջության ապահովագրմանը, բայց այն պետք է արվի գրագետ և կայուն։ Եվ ի վերջո պետք է հասկանալ, թե հարկման մեխանիզմները ո՞վ է որոշում, ո՞վ է այդ հաշվարկներն անում, ինչի՞ ենք մենք դրա զոհը դառնում»,- ասաց նա և հավելեց, որ ծրագրի վերաբերյալ հանրային քննարկումներ չեն եղել։
Նրա խոսքով՝ հիմա այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ առողջապահության նախարարը ցանկանում է հավաքված գումարներն ապահովագրման ընկերություններից իրեն վերցնել և տնօրինել։ Նա նշեց, որ ապահովագրման ընկերությունները տարիներ շարունակ ունեն առողջության ապահովագրում, և ըստ նրա, ճիշտ չէ, որ այդ գումարները նրանցից վերցվի և պետությանը տրվի։
«Ապահովագրական ընկերությունների լռությունն անհասկանալի է, բայց կարծում եմ, երբ նախագիծը լուրջ տեսք ստանա, քննարկումներ կսկսվեն»,- ասաց նա և հավելեց, որ ապահովագրման նման մեխանիզմը նաև ձեռնտու չէ ավելի բարձր աշխատավարձ ստացողների համար, քանի որ, ըստ նրա՝ կրկնակի գումար կվճարվի:
Նրա խոսքով՝ այդ նախագծին նույնիսկ այսօր պատրաստ չէ Հայաստանի առողջապահական համակարգը։ Ըստ նրա՝ հիմա սա նախարարության կողմից գումար տնօրինելու և ևս մեկ մահակ ձեռքում ունենալու մեթոդ է։
«Հավաքված գումարը, օրինակ, կարող է գնալ նախարարի տիկնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերի ավելացմանը, նախարարի ընկերոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերի ավելացմանը։ Չգիտեմ, շատ տեղեր կան, որտեղ կարող են այն ծախսել»,- նշեց Գրիգորյանը։
Գրիգորյանը նշեց, որ առողջության ապահովագրության համար կլինիկական ուղեցույցներ են պետք, քանի որ առանց դրանց հնարավոր չէ հասկանալ, թե արդյոք բժիշկը ճիշտ բուժում է նշանակել և արժեր այդքան տրամադրել այդ ապահովագրմանը։ Նա նշեց, որ պետք է բժշկատնտեսագիտական ստանդարտներ, որպեսզի հստակեցվի ծառայությունների մատուցման սկզբունքները։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը», որի համաձայն, ՀՀ բոլոր աշխատող և ինքնազբաղված քաղաքացիներն առողջության հարկ կվճարեն: Այսպես, ավելի քան 150 հազար դրամ ստացողների համար, որոնք կազմում են աշխատողների 59%-ը, դա կկազմի 9 000 դրամ:










